Մամուլ

Գյումրիում տղան մորը քաշելով և հատակին գցելով, ձեռքից վերցրել է ձեռնափայտը և փորձել է սպանել

Գյումրիում տղան մորը քաշելով և հատակին գցելով, ձեռքից վերցրել է ձեռնափայտը և փորձել է սպանել

Գյումրու Շերամ թաղամասի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խոհանոցում վիճաբանելով 75-ամյա մոր հետ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել է խեղդամահ անել վերջինիս: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի մասին 2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:08-ին ահազանգել է Գյումրու բնակչուհիներից մեկը։ Գյումրու շտապօգնության մասնագետները նույն օրը «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանում բուժօգնություն են ցուցաբերել նույն բնակարանի 75-ամյա բնակչուհուն։

«Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը, հոկտեմբերի 19-ին մորը քաշելով և հատակին գցելով, ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ քույրը զանգահարում է ոստիկանություն՝ 56-ամյա տղամարդը հարձակվել է քրոջ վրա, մկրատով հարվածներ հասցրել նրա դեմքի շրջանին, ապա սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ դիմել է փախուստի»,- նշում են ՔԿ-ից։

vostikanutyun spanutyun

Կառույցից հայտնում են, որ մինչ այդ էլ՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին, նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, կրկին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել մոր հասցեին։ 56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մկրատը:

Դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձը), 118-րդ հոդվածի (ծեծ), 137-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք) և 137.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի հատկանիշներով (ծանր վիրավորանք):

Նույն օրը Գյումրի քաղաքի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:2021թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կիսվել նյութով