Մամուլ

Գյումրեցի 45-ամյա կինն անսպասելի ծննդաբերել է՝ առանց իմանալու, որ հղի է

Այս գիշեր արտասովոր դեպք է տեղի ունեցել Գյումրու ծննդատանը: Ժամը 3-ի սահմաններում որովայնի սուր ցավերով շտապբուժօգնության մեքենայով ծննդատուն է տեղափոխվել 1973 թվականին ծնված Մարգարիտ Գրիգորյանը:

Նա բժիշկներին պատմել է, որ վերջին երեք ամիսներին ստամոքսի սուր ցավեր է ունեցել, այդ պահին էլ գանգատվել է կողերի եւ որովայնի ցավերից: Հետազոտության պահին, սակայն պարզվել է, որ 45-ամյա կինը ծննդաբերում է: Արագ կազմակերպվել է ծննդօգնությունն ու ընդունման պահից 10 րոպե հետո Մարգարիտ Գրիգորյանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին: Ծնվել է տղա երեխա 2 կգ 900 գ քաշով, 50 սմ հասակով:

Մարգարիտն ասում է՝ մտքով անգամ չի անցել, որ հղի է: Միայն ստամոքսի ցավեր է ունեցել, բժշկի էլ չի գնացել: Երբ բժիշկներն ասել են, որ ծննդաբերում է, անակնկալի է եկել: Կինը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ նման դեպք իր հետ նաեւ 9 տարի առաջ է պատահել: Կրկին անսպասելի, եւ կրկին տղա է լույս աշխարհ բերել: Մասնագետներն ասում են՝ անկախ այն հանգամանքից, որ կինը երբեք կոնսուլտացիաների չի գնացել եւ ապրել է սովորական կյանքով, առողջ բալիկ է ունեցել: Երկուշաբթի դուրս կգրեն, տուն կճանապարհեն:

Մարգարիտի երկու աղջիկներն ամուսնացած են, մյուս 2-ը դպրոցական են, աղջիկներից մեկն այս տարի է դպրոցն ավարտել, փոքր տղան էլ 5 տարեկան է, մանկապարտեզ չի հաճախում:

Շիրակի մարզպետն այցելեց բազմազավակ մորը, վարդեր նվիրեց եւ ասաց. «Դուք հերոս եք: ՀԺ-ի հետ զրույցում էլ նշեց՝ եթե ընտանիքն ինչ-որ բանի կարիք ունենա, պատրաստ են օգնել, քանի որ բազմազավակներն այսօր իսկապես հերոսներ են»:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով