Մամուլ

Գետափում ավազակային հարձակման մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի գործադրմամբ բնակարան մուտք գործելու, ապօրինի զենք կրելու և օգտագործելու դեպքի առթիվ:

Նախապես արդեն տեղեկացրել էինք, որ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, դիմակավորված 4 անհայտ անձինք, ուրիշի գույքը առերևույթ հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք են գործել Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի՝   բնակչի տուն, ծեծի են ենթարկել նրան և նրա կնոջը, և դանակի ու ատրճանակի գործադրմամբ վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել են գումար և ոսկյա իրեր, որից հետո կպչուն ժապավենով նրանց կապկպելով ննջասենյակում՝ առանձնատնից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ գումար, 4 շիշ կոնյակ, «Տոշիբա» մոդելի դյուրակիր համակարգիչ, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս, մեկ պլանշետ և դիմել փախուստի: Գետափ գյուղի՝ 1949 թվականին ծնված բնակիչը և վերջինիս կինը ճանաչվել են տուժող:

Դեպքի առթիվ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Լոռու մարզի երկու բնակիչներ՝ ծնված 1984 և 1989 թվականներին:

Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են գործի համար էական նշանակություն ունեցող իրեր:  Կասկածյալներից մեկի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք  հանդիսացող դանակը:

Կիսվել էջում