Մամուլ

«Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ուղղություններով Ադրբեջանը բարենպաստ բարձունքներում է տեղակայվել». Շիրազ Խաչատրյան

«Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ուղղություններով Ադրբեջանը բարենպաստ բարձունքներում է տեղակայվել». Շիրազ Խաչատրյան

168.am-ը գրում է․ Մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին, երբեմն՝ թշնամուն լռեցնելու հայկական կողմի գործողությունների մասին:

Այսօր պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որ մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է՝ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են՝ նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ:

Այսինքն, ըստ Պաշտպանության նախարարության, Ադրբեջանի ԶՈՒ-ն նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի:

Իսկ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ պաշտպանական գերատեսչությունն «արդարացել» էր Վարդենիսի ուղղությամբ մեր հրետանային միջոցների առկայության հետ կապված, որ այն անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժի ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն:

«Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:

Հայկական կողմի գործողություններն իրադրությունը լարելու նպատակ չունեն, և ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները:

Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել»,- նշվում էր ՊՆ հաղորդագրության մեջ, որտեղ ոչ մի հիշատակում չկա, որ Ադրբեջանը, ըստ էության, իր զինուժը բացազատել է ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հաշվի առնելով 2021-ի մայիսի, նոյեմբերի և այս տարվա սեպտեմբերի ադրբեջանական ներխուժումներն ու առաջխաղացումները:

Որքանո՞վ են ճիշտ պաշտպանական գերատեսչության ձևակերպումները, և առհասարակ ի՞նչ իրավիճակի մասին է հուշում այս ամենը՝ ռազմական և ռազմաքաղաքական առումով:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

– Կարող եմ ասել, որ ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրությունները շատ մտահոգիչ են: Ակնհայտ է՝ Բաքուն չի փոխել իր հիմնական ձեռագիրը, և ամեն անգամ այս հաղորդագրություններից կարելի է հետևություն անել՝ ադրբեջանական կողմը տեղեկատվական հող է նախապատրաստում նոր սադրանքների ու նոր ռազմական էսկալացիայի դիմելու համար։

Չնայած այն հանգամանքին, որ հատկապես Արևմուտքից ճնշումներ են բանեցվում Ադրբեջանի ուղղությամբ, բայց դրանք, ցավոք սրտի, սանկցիաների տեսքով չեն, և, բնականաբար, վերջինս տարածաշրջանային, աշխարահաքաղաքական նոր դասավորումների և դիմակայությունների պայմաններում փորձում է իր խաղը խաղալ, իր խնդիրները լուծել, և, անշուշտ, դրանք առաջնահերթ կապված են ՀՀ-ի հետ։

Իսկ ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունների ձևակերպումներին, ըստ իս, մի շարք հայտարարությունների բովանդակություններ պրոբլեմատիկ են, այդ թվում՝ ձեր՝ նշած դիտարկումների առումով, ինչո՞ւ չէ՝ Ադրբեջանի համար նոր ագրեսիայի հիմքերի ստեղծման առումով։ Ուստի Պաշտպանության նախարարության կողմից քաղաքական երանգավորմամբ կամ էմոցիոնալ հայտարարություններ ավելի լավ է չարվեն։

– Այս համատեքստում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրել էր, որ Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին է վերագրում հրադադարի իր իսկ խախտումները, ինչը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիայի համար պատրվակի ստեղծում: Ըստ այդմ՝ ի՞նչ մասշտաբի ռազմական գործողություններ սպասել և ո՞ր ուղղությամբ։ Որոշ ժամանակ առաջ ՀՀ իշխանությունները բարձրաձայնում էին Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական նոր հարձակման մասին, վերջին օրերի տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկություններից կարելի է ենթադրել, որ Վարդենիսի ուղղությամբ էլ հնարավոր են նոր հարձակումներ:

– Երբ մշտադիտարկման ենք ենթարկում հատկապես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հնչեցրած հայտարարությունները, ձեռնարկվող քայլերը, ապա ակնհայտորեն երևում է, թե պաշտոնական Բաքուն ինչ ծրագրեր է դրել իր առջև:

Նա արագացնում է Հայաստանի հետ տարվող բանակցությունները, խոսում մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագրի կնքման, այնուհետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին: Արցախի հարցն այլևս հանված է երկու պետությունների ղեկավարների օրակարգից, և այս ամենի ֆոնին՝ զուգահեռ՝ ադրբեջանական կողմն իր ռազմական ներկայությամբ՝ և՛ նախիջևանյան հատվածով, և՛ Հայաստանի արևելյան սահմանի ողջ երկայնքով մշտական լարվածության մեջ է պահում հայկական կողմին։

Ադրբեջանն ամեն անգամ նոր լարվածությունների փուլեր է սկսելու՝ կլինի դա բանակցային թե ռազմական սադրանքների տեսքով, իսկ ամեն մի լարվածության փուլից հետո առաջանալու են նոր պահանջներ, դրանց մերժումից հետո՝ նորից ռազմական գործողություններ։ Քանի որ, ինչպես վերևում նշեցի՝ գործընթացները շատ արագ են զարգանում, ուստի հնարավոր էսկալացիաները բացառել չի կարելի։

Փաշինյանի գրառման վերոնշյալ հատվածի վերաբերյալ նշենք, որ, իհարկե, հրադադարի պահպանման ու սահմանների անվտանգության ապահովման համար պետք են միջազգային մեխանիզմներ, դիտորդներ, բայց դրանցով խաղաղություն չես կարող պահել, օրինակները բազմազան են, 50 կամ 100 դիտորդով հարց չես լուծի։ Առաջնահերթ պետք է ունենաս մարտունակ բանակ, իսկ մնացածը դիվանագիտության հարց է, եթե, իհարկե, այսօր կա այդ դիվանագիտություն կոչվածը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով