Մամուլ

Գեղարքունիքի մարզում Opel Zafira-ն 5 մետր բարձրությունից ընկել և բռնկվել է․ կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում Opel Zafira-ն 5 մետր բարձրությունից ընկել և բռնկվել է․ կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55 կմ հատվածում, Փամբակ բնակավայրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ 2 հոգի էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արմեն Նաջարյանն ու պարեկ Ռաֆիկ Մկրտչյանը։

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ ավտովթար-հրդեհը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկների հսկողության տակ գտնվող տարածքում, ինչի համար էլ ժամանել են նշված վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանն ու դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։

Տեղում նաև ուժեղացված ծառայություն է կատարել նույն դասակի կրտսեր պարեկ Խաչիկ Պետրոսյանը։

Կիսվել էջում