Մամուլ

Գավառում դասղեկը հարվածել է 4-րդ դասարանի աշակերտներին. նրա պաշտոնավարումը կասեցվել է

Գավառում դասղեկը հարվածել է 4-րդ դասարանի աշակերտներին. նրա պաշտոնավարումը կասեցվել է

Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի 4–րդ դասարանի դասղեկ Սինամ Հովսեփյանը մեղադրվում է անչափահաս երկու աշակերտներին հարվածելու համար. գործն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը News.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից News.am-ը տեղեկացավ, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Սինամ Հովսեփյանը մեկից ավելի անգամ հարվածներ է հասցրել իրենից կախվածության մեջ գտնվող նույն դպրոցի 4-րդ դասարանի անչափահաս աշակերտներ Նարեկ Գրիգորյանի դեմքին եւ Սարգիս Աբրահամյանի դեմքին, ինչի հետեւանքով վերջիններիս պատճառվել է ֆիզիկական ցավ։

«Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 8–ին։ Դեկտեմբերի 9–ին դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 195–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ եւ 7–րդ կետերի հատկանիշներով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) քրեական վարույթ է նախաձեռնվել։

Դեկտեմբերի 10–ին, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի 4–րդ դասարանի դասղեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 195–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ եւ 7–րդ կետերի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը, ինչպես նաեւ պաշտոնավարման կասեցումը։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկվել է դատարան»,– հայտնեց Գոռ Աբրահամյանը։

Դեպքի առնչությամբ Կրթության, գիտության, մշակությի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից News.am-ին ասացին.

«Դեպքի վերաբերյալ գնահատականը կտրվի համապատասխան  իրավական ընթացակարգերի արդյունքում, իսկ ընդհանրապես բռնությունը չի կարող տեղ ունենալ ուսումնական գործընթացում»։

Կիսվել նյութով