Մամուլ

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է բարձրացնել գազի գինը 36 տոկոսով

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է բարձրացնել գազի գինը 36 տոկոսով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Տրանսգազ» ՍՊԸ-ն մտադիր են դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, ինչպես նաեւ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման բնական գազի բաշխման եւ բնական գազի փոխադրման սակագների վերանայման հայտերով։

Հայտարարությունը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում։

Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը այս պահին 100 հազար դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135 հազար 909.6 դրամ։

Ընկերությունը նախատեսում է որոշ չափով նվազեցնել ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկելով 135 հազար 909.6 դրամ՝ գործող 139 հազար դրամի փոխարեն։

ՀԾԿՀ-ից ՀԺ-ին փոխանցեցին, որ դեռեւս իրենց մոտ չի մուտքագրվել նման հայտ։ Ըստ կարգի՝ հայտը պետք է մուտքագրվի հայտարարություն տարածելուց հետո՝ 30 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու համար։ 

Կիսվել նյութով