Մամուլ

Բրյուսելում հանկարծ նիստը ընդհատվեց և հայտարարվեց Ազնավուրի մահվան մասին, չէի հավատում. Արման Թաթոյան

Բրյուսելում մասնակցում եմ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունենում Բելգիայի խորհրդարանի շենքում: Ներկա են աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ: Հատուկ քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրով նիստի ընթացքում:

Բարձրաստիճան միջոցառման բացման ընթացքում նիստը, որին ներկա էր ավելի քան 150 մարդ, հանկարծ ընդհատվեց նախագահողի կողմից, երբ քննարկվում էր օրակարգի կարևոր հարցերից մեկը: Նախագահողը ներողություն խնդրեց քննարկումն ընդհատելու համար ու տեղեկացրեց, որ անսպասելի կարևոր բան ունի ասելու բոլորին:

Այդ պահին մտքովս երբեք չէր էլ անցնի՝ ինչն է իրական պատճառը: Կարծեցի՝ մի որևէ հերթական աշխատանքային, բայց արտառոց բանն է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, հասկանում էի, որ ինչ որ բան այն չէ, որ սովորական հարցի մասին չէ խոսքը, քանի որ նախագահողն ակնհայտ հուզված վիճակում էր:

Նա վերջապես հայտարարեց, որ իր համար ողբերգություն է տեղի ունեցել՝ մահացել է երգիչ Շառլ Ազնավուրը: Այնուհետև, նիստը նախագահողն ընթերցեց տողեր, որոնք նվիրված էին Շառլ Ազնավուրին: Այդ տողերին հաջորդեցին Բելգիայի Սենատում հավաքված մարդկանց ծափողջյունները՝ որպես բարձր հարգանք արժանավոր երգչի նկատմամբ:

Հավատս չէր գալիս երբ անասելի խորը ցավով լսեցի այդ բոթը՝ մեծանուն Հայի, երգչի ու աշխարհահռչակ գործչի մահվան բոթը: Այս ծանր կորուստը սգում ենք բոլորս:

Շառլ Ազնավուրը մեր հպարտությունն է, մեր Ազգային հերոսն է, հերոս է համամարդկային քաղաքակրթության համար: Նա աշխարհին ճանաչելի դարձրեց հայ ժողովրդի իրական պատմությունն ու Հայաստանը: Անգնահատելի է նրա անսահման մեծ ավանդը Հայաստանի հզոր ապագայի համար:

Զորակցությունս եմ հայտնում և վշտակցում եմ բոլորիս, մեծագույն Հայի ընտանիքին ու բոլոր հարազատներին:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Կիսվել նյութով