Մամուլ

Բյուրեղավանում զորացրվելու առիթով խնջույքն ավարտվել էր 20-ամյա երիտասարդի սպանությամբ

Ավարտվել է Բյուրեղավանում 32-ամյա բնակչի կողմից 20-ամյա համաքաղաքացու սպանության և ևս երեք անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ 2023թ․ հուլիսի 17-ին Բյուրեղավան քաղաքի մի խումբ երիտասարդներ իրենց համաքաղաքացու կողմից վարած, որպես տաքսի շահագործվող ավտոմեքենայով գնացել են նույն քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում գտնվող հացատուն՝ նշելու իրենցից մեկի՝ 20-ամյա երիտասարդի զորացրման առիթը։

Որոշ ժամանակ անց երիտասարդներից մեկի և նշված ավտոմեքենայի վարորդի միջև հեռախոսազրույցի ընթացքում ուղևորափոխադրման հետ կապված կենցաղային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է նույն հացատանը հարակից տարածքում՝ վարորդի՝ նույն քաղաքի բնակիչ հանդիսացող երկու այլ անձանց հետ տվյալ տարածք գալուց հետո։

Վիճաբանությանը միջամտել են նաև վերջիններս, Բյուրեղավանում՝ 32-ամյա բնակիչը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր մոտ գտնվող ծալովի դանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է 4 համաքաղաքացիների մարմինների տարբեր հատվածներին։

Արդյունքում, նրանցից մեկը՝ վերոնշյալ 20-ամյա երիտասարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, պարանոցի շրջանում ստացած մարմնական վնասվածքներից և սուր արյունահոսությունից մահացել է, երկու անձինք դեմքի և թևերի շրջանում ստացել են ծանր, իսկ մեկ անձ էլ՝ միջին ծանրության մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Բյուրեղավան քաղաքի 32–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (2 դրվագ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։

Կիսվել էջում