ՄամուլՏեսանյութ

Բանակը պետք է մտնի քաղաք, եթե ժողովրդի դեմ ուժ կիրառեն. Ստեփան Դանիելյան

Բանակը պետք է մտնի քաղաք, եթե ժողովրդի դեմ ուժ կիրառեն. Ստեփան Դանիելյան

168.am-ը գրում է․ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ Կառավարության շենքում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։

Հանդիպումից հետո Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ, թեև, իրեն չի հաջողվել Փաշինյանի հետ համաձայնության գալ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից չազատելու իր պայմանի շուրջ, սակայն կլինի քննարկումների երկրորդ փուլ՝ արտահերթ խորհրդարանական ընտությունների վերաբերյալ։

Ինչ վերաբերում է խորհրդարանական մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, ապա այսօր խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը  խորհրդարանական ճեպազրույցների  ժամանակ ասաց, որ դեռևս Փաշինյան-Ծառուկյան հանդիպման վերաբերյալ քննարկում իրենց խմբակցությունում չի եղել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի՝  հրապարակ նետված արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզի մասին, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց, որ վստահ է՝ Փաշինյանն ընտրություն անել չի ուզում։

Նիկոլ Փաշինյան

«Ես չեմ կարծում, որ իշխանության նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է։ Նրանք ցանկանում են իրավիճակը մի կերպ պահել և  հասնել մինչև 2023 թվականը, սակայն, եթե հիմա իշխանությունը  դրսևորում է նման ցանկություն, ապա դա անում է ստիպված. հիմա խնդիր է դրված, որ արտահերթ ընտրության ժամանակ այս անձը (Նիկոլ Փաշինյան.- Ա.Ս.) մնա վարչապետ, որպեսզի հետաձգի  հարցերի պատասխանները, որոնք կուտակված են համապատասխան հետևանքներով, իհարկե, փորձում է նաև օգտվել անձեռնմխելիությունից»,- ասաց Ստեփան Դանիելյանը։

Հարցին՝ կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու համաձայնություն ձեռք բերել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ, Դանիելյանը պատասխանեց, որ այդ համաձայնությունը Փաշինյանին պետք է առաջին հերթին իր թիմի ներսում փլուզումը կանխելու համար, որովհետև վստահ է, որ եթե այլ թեկնածու առաջադրվի, իր թիմի անդամները նրան կողմ կքվեարկեն ու կազատվեն վերջապես իրենից։

Առավել մանրամասն՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել նյութով