Մամուլ

Բաղրամյան գյուղում 13-ամյա աղջիկը մայր է դարձել, նորածնին մանկատուն հանձնել

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում հղիացած 13-ամյա աղջկա երեխան ծնվել է: Նորածնին երեխայի հարազատները ժամանակավորապես հանձնել են մանկատուն:

«Մտածելու փուլում են, իրենք ուզում էին երեխային պահել, սա այն ընտանիքը չէր, որ ուզում էր նորածնից ազատվել, բայց նրանք նաև շատ լավ գիտակցում են, որ եթե ունենան հստակ երաշխիքներ, որ կարողանալու են այդ երեխային պահել, կպահեն: Ծնողը սպասման փուլում է, այս պահի դրությամբ նրանց տնից հանում են ու իրենք ուրիշ վարձակալությամբ բնակարան չեն կարողանում գտնել, որ տեղափոխվեն:

Հիմա նորածինը շատ փոքր ժամկետով հանձնված է մանկատուն, որ ընտանիքը հասկանա՝ ինչի կարիք ունի, որ այնքան կայունանա, որ այդ երեխային կարողանա հետ վերցնել: Արդեն ծննդաբերած երեխան եւ երեխա է, եւ երեխա չէ իր կյանքի փորձից ելնելով, բայց այս իրավիճակում ինքը մնում է անօգնական, բոլորը հետաքրքրվում են նորածնով, թե արդյոք նրան տուն կտանեն, թե չեն տանի, հանկարծ մանկատուն չուղարկեն, բայց ոչ ոք չէր անհանգստանում, թե 13 տարեկան երեխան ոնց պետք է իր կյանքը շարունակի:

Ինչ-որ մեկը մարզպետարանից գնա՞ց գյուղում բացատրողական աշխատանքներ տարա՞վ, որ այս երեխան մեղք չունի իր հետ կատարվածի համար, որ շարունակեք իրեն նույն ձեւով վերաբերել. ոչ մի ծրագիր կամ պետական քաղաքականություն չկա նման դեպքերում երեխայի կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար»,- ասաց սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը:

Հիշեցնենք, որ Բաղրամյան գյուղում բնակվող 13-ամյա աղջիկը մտավոր խնդիրներ ունի ու նրա հղիությունը մայրը պարզել էր պատահաբար, հղիությունից հինգ ամիս անց: Երեխան մորը հայտնել էր, թե համադասարանցի երկու տղաներն են իրեն բռնաբարել, կար վարկած նաեւ, որ աղջկան բռնաբարել էր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող նրա հարազատ եղբայրը: Նշանակվել են փորձաքննություններ, որոնց արդյունքները դեռ պատրաստ չեն:

Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է առաջարկությունների մասին մտածում, որ երեխային պահելու պարագայում հեշտացնի 13-ամյա աղջկա ընտանիքի կյանքը, կան նաեւ անհատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել, բայց, ըստ մեր զրուցակցի, կոնկրետ օգնություն չկա, միայն օդում կախված առաջարկներ կան.

«Շատերն ասել էին՝ էդ երեխուն մի տվեք մանկատուն, տարեք, պահեք, ես pampers-ները կառնեմ, ախր pampers-ներով հարց չի լուծվում մի ընտանիքում, որտեղ իրենք իրենց երեխաների համար ամեն ինչ չեն կարողանում անել»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել էջում