Մամուլ

Ափսոսում եմ, որ հոկտեմբերի 27-ից հետո ավելի վճռական չեմ եղել և երկիրը հայտնվել է երկու թալանչիների ձեռքում

«Հոկտեմբերի 27-ից հետո անցել է 19 տարի, եւ ես 19 տարի ափսոսում եմ, որ հոկտեմբերի 27-ից հետո ավելի վճռական չեմ եղել, եւ երկիրը հայտնվել է երկու թալանչիների ձեռքում, որոնք 20 տարի թալանով են զբաղված»,- մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում այսօր 168.am կայքում այսօր հրապարակված հոկտեմբերի 27-ի ցուցակին, որում, որպես հոկտեմբերի 27-ին առանցքային գործունեություն իրականացրած անձ, նշվում է նաեւ իր անունը, այսպես արձագանքեց ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը։

Հիշեցնենք, որ այսօր վերոնշյալ կայքը հրապարակել է հոկտեմբերի 27-ի ցուցակը, որի մասին դեռ տարիներ առաջ բազմիցս գրվել է մամուլում։ Ըստ 168․am կայքի՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ժամանակին լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են այդ ցուցակին՝ գրելով, որ ըստ տարածված լուրերի` մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու: Քոչարյանը նշանակում է ցուցակում ներկայացված անձանց՝ ըստ նշված պաշտոնների, իսկ վերջիններս չեն շահարկում Քոչարյանի անունն այդ օրը տեղի ունեցած սարսափելի ոճրագործության իբր կազմակերպիչների, կամ գոնե`շահագրգիռ անձանց շարքում:

«Ցուցակը, ըստ լավատեղյակ աղբյուրների, գրվել է հենց Շիրխանյանի ձեռամբ: Ցուցակում նշված է եղել. ՀՀ վարչապետ` Վահան Շիրխանյան, ՀՀ Գլխավոր դատախազ` Գագիկ Ջհանգիրյան, Ազգային անվտանգության նախարար` Վյաչեսլավ Հարությունյան, Ներքին գործերի նախարար` գնդապետ Մուրադ Կիրակոսյան, Համակարգող նախարար` Անդրանիկ Քոչարյան (այն ժամանակ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդական, այժմ` 2008թ. մարտի 1-ի և 2-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ)»-, նշված է կայքում։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով