Մամուլ

Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մերկասառույցը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ

Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մերկասառույցը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել:

Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

sevan yerevan 22

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Այս պահին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանը, Ավետիք Ավետիսյանն ու Արթուր Մինասյանը տարբեր հատվածներում պարզում են՝ արդյոք վթարների հետևանքով տուժած քաղաքացիներ կան:

Հետաքննիչները պարզում են վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված վարորդները ասում են. «Քանի ժամ է, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար հետևից վթարներ են տեղի ունենում:

yerevan sevan

Ճանապարհը մշակված չէ, աղ ու ավազ լցված չի ու դրա պատասխանատուն ճանշինն է: Մեր ներկայությամբ «գաի» տեսուչները արդեն մի քանի անգամ զանգահարել են ճանշին, խոստացել են, որ կգան, բայց 3 ժամ է, չկան, ասես հօդս ցնդած լինեն: Բա հիմա ով է պատասխան տալու իրենց չարած աշխատանքի հետևանքով էսքան մարդկանց պատճառված վնասի համար»:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր կատակով ասում էին.

«Ճանշինի խերն ա, հիմա էսքան միլիոնների փոխհատուցում ոնց ենք տալու»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի և դրա պատճառը դարձյալ ճանապարհի մերկասառույցն է ու ճանշինի անգործությունը:

Կիսվել նյութով