Մամուլ

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ 8 մետր բարձրությունից ընկած, «սրտի կանգ» ախտորոշմամբ տղամարդուն` բժիշկները կենաց-մահու պայքար տալով փրկել են

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ 8 մետր բարձրությունից ընկած, «սրտի կանգ» ախտորոշմամբ տղամարդուն` բժիշկները կենաց-մահու պայքար տալով փրկել են

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մարտի 29-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները հերթական անգամ ապացուցեցին, որ հավատարիմ են Հիպոկրատին տված երդմանը ու հերթական մասնագիտական ճշգրիտ աշխատանքի արդյունքում փրկեցին քաղաքացու կյանքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 10։00-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության խումբը «պոլիտրավմա, գլխուղեղի փակ վնասվածք, որովայնի ներքին արյունահոսություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է և գտնվում է վիրահատարանում։

nazaryan sistems

«Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները նախ կարողացել են վերականգնել սրտի աշխատանքը, ապա մի քանի ժամ կենաց-մահու պայքար են տարել նրա կյանքի համար։

Եվ երբ տեսել են, որ վիրավորը դուրս է եկել օրհասական վիճակից, նրան ռեանիմոբիլով տեղափոխել են «Վանաձոր բժշկական կենտրոն», որտեղից էլ Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են՝ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Մեհդի Բախտիարինն է։

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 09։40-ի սահմաններում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Նազարյան Քուլինգ Սիստեմս» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 8 մետր բարձրությունից ընկել է ու ստացել նշված վնասվածքները։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որի ընթացքում պետք է պարզվի նաև՝ արդյո՞ք նշված ՍՊԸ-ում աշխատանքային անվտանգության կանոնները պաշտպանված են, թե՞ տիրում է բարձիթողի վիճակ։

Կիսվել էջում