Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. 2 քաղաքացի Սարյան փողոցից դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք Երևանում. 2 քաղաքացի Սարյան փողոցից դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով, ապրիլի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:55-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 49-ամյա Էդուարդ Մ.-ն է:

danakaharutyun

Կարճ ժամանակ անց նույն հիվանդանոցից ահազանգ է ստացվում դարձյալ ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «աջ գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ երկրորդ վիրավորը Երևանի բնակիչ, 39-ամյա Գևորգ Ա.-ն է:

Մինչ բժիշկները վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում և նրաց հետ վիճաբանելու ու դանակահարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 22-ամյա Նարեկ Հ.-ին և Երևանի բնակիչ, 26-ամյա Ռուբեն Մ.-ին:

Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների կողմից՝ Դավիթաշեն վարչական տարածքում: Նարեկ Հ.-ն և Ռուբեն Մ.-ն կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ են արձակվել:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել նյութով