Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում․ վրացական համարանիշներով Nissan-ը մխրճվել CPS բենզալցակայանի մեջ

Արտակարգ դեպք Երևանում․ վրացական համարանիշներով Nissan-ը մխրճվել CPS բենզալցակայանի մեջ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։10-ի սահմաններում վրացական համարանիշներով Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Ավան վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ավտոմեքենայի, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել Բաբաջանյան փողոցի թիվ 119/4 հասցեում գործող «CPS» բենզալցակայանի տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բենզալցակայանի տարածքում մխրճվելու հետևանքով կոտրվել են լիցքավորման սարքը, շրջվել են սառնարանները և սկսվել է դիզվառելիքի արտահոսք։

cps nissan

Մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկ, բենզալցակայանի աշխատակիցները օպերատիվորեն են գործել. վտանգելով իրենց կյանքը` կրակմարչներով կանխել են կրակի բռնկումը, ապա ժամանած հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը։

Դիզվառելիքը մոտ 500 մետր թափվել է ու հրշեջ-փրկարարներն այդ վայրում կատարել են լվացման աշխատանքներ։

nissan

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Կարեն Գալստյանն ու կրտսեր պարեկ Գոռ Ադամյանը։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը, ինչպես նաև արդյոք վթարի հետևանքով տուժածներ կան, քանի որ, ըստ տեղեկությունների, վթարից հետո վարորդը հեռացել է դեպքի վայրից։

Պարեկային ծառայությունը պարզում է նաև կայանված ու վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Կիսվել նյութով