Մամուլ

Արմենի ականջներում հավերժ թողեց բոցկլտացող մեքենայից օգնություն աղերսող եղբոր ու ընկերների հառաչները

Արմենի ականջներում հավերժ թողեց բոցկլտացող մեքենայից օգնություն աղերսող եղբոր ու ընկերների հառաչները

Hraparak.am-ը գրում է․ Պատերազմը 19-ամյա Արմենից խլեց երկվորյակ եղբորը` Զավենին, մանկության ընկերոջը՝ Սեմիկին, ականջներում հավերժ թողեց բոցկլտացող մեքենայից օգնություն աղերսող եղբոր ու ընկերների հառաչները, աչքերի առաջ դաջեց մոխրացող, մաս-մաս եղած ծառայակիցներին, իսկ մեղքի զգացումը դարձավ Արմենի անբաժան ուղեկիցը:

Երկվորյակ Արմեն եւ Զավեն Հակոբյանները շուրջ մեկուկես տարվա զինծառայողներ էին, երբ պատերազմն սկսվեց:  Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել էին ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ, հետո զորակոչվել բանակ: Մեղրիում էին ծառայում:

Զավենի հետ մեր վերջին օրվա զրույցը Սեմիկի մասին էր, ժամեր առաջ էր զոհվել. հիշում էինք, լաց լինում: Ես դասակի հրամանատարի տեղակալն էի, Զավենն էլ երրորդ ջոկի հրամանատարն էր: Այդ օրը մենք ահավոր վիճակում էինք, բայց փորձում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր զինվորների մարտական ոգին բարձր պահենք: Ընկերս՝ Սեմիկը, Մատաղիսում էր ծառայում:

զինվոր սահման

Երբ նահանջի հրաման են տալիս, իրենց տղերքից մեկը վիրավորվում է, ընկնում ու չի կարողանում շարժվել, Սեմիկը հետ է նայում: Ասում են՝ մի՛ գնա, չես կարողանա փրկել, պատասխանում է, որ չի կարող թողնել այդ տղային այնտեղ: Գնում է, որ հետ քաշի, սնարյադն ընկնում է վրան… Մարմնի կեսը գտել են, հուղարկավորել… Սեմիկի հետ առաջին դասարանից մինչեւ քոլեջի վերջին կուրսը միասին ենք եղել: 

Հոկտեմբերի 9-ն էր: Իշխանաձորից տեղափոխվում էինք դեպի Ջրական (Ջաբրայիլ): Մեզ ասել էին, որ պիտի գնանք Դիլի գյուղ: Թշնամին գրավելով գալիս էր, ու մենք պիտի իրենց այնտեղ դիմավորեինք: Ամբողջ ճանապարհին սնարյադը խփում էր: Ճիշտ է՝ մեքենային չէր կպնում, բայց բարձր ձայները լսվում էին: Զավենը, նայելով տղերքին ու տեսնելով, որ հուսախաբ են եղել, միանգամից սկսեց երգել.

«Պատերազմ եք գնում, բարով գնացեք», ու տղերքով սկսեցինք ձայնակցել իրեն: Անընդհատ փորձում էր դուխները տեղը պահել, խոսում էր նրանց հետ, ոգեւորում: Հետո զգացինք, որ ԱԹՍ-ի ձայնը մոտենում է, ավելի է ուժեղանում: Ես ու եղբայրս նայեցինք իրար ու հասկացանք, որ էլ ոչինչ փոխել չենք կարող: Այդ ժամանակ կամիկաձեն հարվածեց մեր «Ուրալ»-ին, ու միանգամից պայթեցինք:

Պայթյունի ալիքն ինձ դուրս շպրտեց մեքենայից: Դիմացս նստած էր դասակիս հրամանատարը, որին նույնպես այդ ալիքը դուրս շպրտեց, բայց ինքը չկարողացավ ուժ տալ իրեն ու դուրս նետվել, մնաց մեքենայի մեջ:

զինվոր

Բոլորը վառվում էին, ես՝ նույնպես… միայն ես էի դրսում: Դեմքս, ձեռքերս, ոտքերս վառվում էին: Ես տեսնում էի, թե ոնց է կրակը դեմքիս վրայով բարձրանում: Գետնի վրա փորձում էի հանգցնել, դե, տաք էի, դեռ այդքան սուր ցավեր չէի զգում:

Հետո… հետո ամենասարսափելին էր: Շրջվեցի ու լսում էի եղբորս ձայնը՝ ոնց էր օգնություն կանչում: Ամբողջ ուժերովս փորձեցի ոտքի կանգնել, միանգամից ոտքս մեջտեղից կիսվեց, թռավ ուսիս մոտ, ձեռքով վերցրի ոտքս, դրեցի տեղը… տեսնում էի, թե ոնց են բոլորն այրվում… չեք պատկերացնի, չեմ կարող բացատրել այդ զգացողությունները… ուշագնաց եմ եղել:

Հետո հիվանդանոցում եղբորս էի գոռում, կանչում: Ասացին, որ մեքենայից միայն ես եմ ողջ մնացել… Զավենը կանչում էր՝ վառվեցի՜նք, բոլորս վառվո՜ւմ ենք, հասե՜ք, օգնե՜ք, գոնե մեկիս օգնե՜ք… Զավենը կանչում էր…

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով