Մամուլ

Արմավիրում անհայտ ծագման խմիչքից թունավորվել է 5 քաղաքացի, նրանցից 2-ը մահացել են

Արմավիրում անհայտ ծագման խմիչքից թունավորվել է 5 քաղաքացի, նրանցից 2-ը մահացել են

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքի 5 բնակիչների թունավորման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. օգոստոսի 31-ին «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի եւ Բաղրամյան փողոցների 5 բնակիչ:

Պարզվել է, որ նրանք ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետեւանքով թունավորվել են:

Բուժօգնության դիմած 5 անձանցից 2-ը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություններ, հայտնաբերվել եւ առգրավվել են ալկոհոլի հոտին նմանվող հեղուկով լցված տարաներ: Ըստ մասնակիցների հայտարարությունների` թունավորված անձինք գործածել են նշված հեղուկը:

Կատարվում են քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Կիսվել նյութով