ՄամուլՄշակույթ

Արթուր Մեսչյանը հիշում է իր մանկության պաղպաղակն ու ափսոսում քանդվող սրճարանի համար

Արթուր Մեսչյանը հիշում է իր մանկության պաղպաղակն ու ափսոսում քանդվող սրճարանի համար

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսել է օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանների մասին, հիշել իր մանկության պաղպաղակն ու մի քիչ ափսոսել քանդվող հիշողության մասին։

Այն, ինչ կատարվում է այսօր օպերայի հրապարակում, ոչ թե քաղաքապետի կամ ճարտարապետի, այլ երևանցիների պահանջն էր։ Այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` հավելելով, որ քաղաքային իշխանությունն այսօր կատարում է երևացիների պահանջը։

«Մենք պահանջների կատարողն ենք։ Եվ դրա համար բոլոր խնդիրները, պրոբլեմներն ուղղել միայն քաղաքապետարանի աշխատողներին մի քիչ ազնիվ չէ, քանի որ երկար տարիներ բոլոր երևանցիները խոսում էին դրա մասին և երազում, որ գոնե մեկ գոտի վերադառնա օպերայի տարածքին։ Հիմա հնարավորություն կա դա անելու»,– ասաց Մեսչյանը։

Ինչ վերաբերում է դժգոհություններին, Երևանի գլխավոր ճարտարապետը հասկանում է, որ մարդիկ տարիներ շարունակ աշխատանքներ են կատարել իրենց տարածքներում, կառուցապատումներ իրականացրել, բայց նաև կոչ է անում ընտրել` որն է այսօր ավելի կարևոր ու առաջնային խնդիր։

«Ցավալի է, որ մարդիկ նեղվել են այդ ամենի համար, կորուստնր են կրում, հասկանալի է։ Բայց մենք մի քիչ առաջ պիտի գնանք, չէ՞»,– ասում է Մեսչյանը։

Ապամոնտաժվող տարածքը նա ոչ թե առաջին, այլ երկրորդ գոտի է կոչում` հակառակ ընդունված կարգի, քանի որ առաջինը, նրա դիտարկմամբ օպերայի շենք ու թատերական հրապարակն են, որոնք անձեռնմխելի են։

Իսկ երկրորդ գոտին, Մեսչյանի խոսքով, միանշանակ պետք է ապամոնտաժվի, բարեկարգվի որպես կանաչ գոտի ու վերադարձվի երևանցիներին։

Այդուհանդերձ, Երևանի գլխավոր ճարտարապետը հիշում է, որ շատ տարիներ առաջ այդ գոտում մեկ սրճարան–պաղպաղականոց կար։ Նրա խոսքով` դա օպերայի բակի կոլորիտի մի մասն էր։ Մեսչյանն ափսոսանքով է նշում, որ բոլորի հետ միասին այսօր այդ սրճարանն էլ պիտի քանդվի։

«Ես իմ մանկությունից հիշում եմ, որ մենք այդտեղ պաղպաղակ էինք գնում։ Դա այն տեղն է, որտեղ հաճելի էր բոլորիս համար։ Ես կցանկանայի, որ դա պահպանվեր։ Կա քաղաքի պատմական հիշողություն, և կարծում եմ, որ այդ տեսանկյունից ազնիվ կլինի, որ եթե անգամ հիմա այն ապամոնտաժվի, ապագայում նրանց հնարավորույուն տրվի վերականգնել իրենց սրճարանը»,– ասաց Արթուր Մեսչյանը։

Այդուհանդերձ, Երևանի գլխավոր ճարտարապետը շեշտեց, որ դա իր անձնական կարծիքն է, որը բավարար չէ որոշումներ կայացնելու համար։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով