Մամուլ

Արդարադատության նախարարությունը շարունակում է աստղաբաշխական փողեր ծախսել Սերժ Սարգսյանի եղբորը «մաքրելու» համար

Սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոն Խուդյանի գործը, ինչպես հայտնի է, գտնվում է միջազգային տնտեսական դատարանում (ICSID), և գործարարի հիմնական սպասելիքը հենց միջազգային դատարանից է։ Հայաստանում գործի քննությունը շարունակվում է  ձգձգվել, նիստերը նշանակվում և հետաձգվում են տարբեր պատճառներով։ Միջազգային դատարանից գործի քննության վերջնական ելքն ակնկալվում է 1-2 տարուց։ Խուդյանը այս հայցով ակնկալում է 15 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության: Էդմոն Խուդյանն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, ով ներկայումս հետախուզման մեջ է։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8.500.000 մլն դոլարի թալան:

Որքան հետաքրքիր է այս գործի ելքը միջազգային դատարանում, նույնքան հետաքրքիր է այն, թե ինչպես է Հայաստանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր հանցանքների, կատարած հովանավորչության համար ներկայումս ՀՀ պետական բյուջեից աստղաբաշխական գումարներ վճարում միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական խմբերին ու փաստաբանական գրասենյակներին։  Մասնավորապես մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթից մենք տեղեկանում ենք, որ այս գործով յուրաքանչյուր փաստաբան վճարվում է ժամավճարով, իսկ մեկ ժամը միայն հայաստանյան իրավաբանների համար արժե 250 ԱՄՆ դոլար։

Ուշագրավ է նաև այն, թե ինչպես է որոշվել Հայաստանը միջազգային դատարանում ներկայացնող փաստաբանական գրասենյակը։ Մեզ հասած նույն տեղեկություններով՝ արդարադատության նախարարությունը, ի դեմս նախկին նախարար Դավիթ Հարությունյանի, փաստաբանական ընկերության հետ պայմանագիրը կնքել է առանց գնումների մասին օրենքի՝ մրցույթ հայտարարելով։ Առանց մրցույթի նախապատվությունը տրվել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերությանը։ Սկսած 2017 թվականից՝ Հայաստանի շահերը միջազգային դատարանում ներկայացնում են «Կոնցեռն դիալոգ» ընկերության երեք փաստաբան։ Առաջինը և բյուջեից 1 ժամը 250 դոլար վարձատրվողը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր, ներկայումս Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանն է, ապա 1 ժամը 200 դոլար վարձատրվող Ռուստամ Բադասյանն ու Լիլիթ Կարապետյանը։

Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվում։ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, Էդմոն Խուդյանի և  «Արին Կապիտալ» ընկերության կողմից ընդդեմ ՀՀ-ի  հայցը  ICSID  ներկայացնելու համար պայմանագիր է կնքել նաև CMS-ի հետԳերմանական այս ընկերությունից ներգրավված են 5 հայտնի  իրավաբաններ, որոնք տրամաբանորեն շատ ավելի բարձր են վարձատրվում, քան հայաստանյան փաստաբանները։ Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթից պարզ է դառնում, որ տրամադրած իրավական խորհրդատվության համար գերմանացի իրավաբաններից մեկը՝ պրոֆեսոր Կլաուս Ջաքսը, 1 ժամվա համար վճարվում է 520 ԱՄՆ դոլար, մյուսները՝ համապատասխանաբար 1 ժամվա համար 470, 370 և 340 ԱՄՆ դոլար։

CMS-ի ներգրավումն այս գործով ևս  ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։ Գործի վրա ծախսված ժամանակը հաշվարկում է ընկերությունը, իսկ հաշվարկված ամենակարճ րոպեն պետք է լինի 6 րոպեն։

Արդյունքում CMS-ն, «Կոնցեռն դիալոգը» և Հայաստանի Հանրապետությունը համաձայնություն են ձեռք բերել ներգրավված իրավաբանների ժամավճարի վերաբերյալ, ինչպես նաև արբիտրաժային վարույթի յուրաքանչյուր փուլում վճարների սահմանման մասով։ Իսկ արբիտրաժային վարույթը  բաղկացած է 3 փուլից։ Առաջին փուլի համար պատվիրատուն, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը, իրավաբանների խմբին վճարելու է 150 հազար ԱՄՆ դոլար, ևս 150 հազար դոլար երկրորդ փուլի համար, և երրորդ՝ գործը ըստ էության քննելու փուլի համար՝ 550 հազար ամն դոլար։

Արդարադատության նախարարությունը համաձայնել է նաև ևս 25 հազար ԱՄՆ դոլար հատկացնել փաստաթղթերի թարգմանության, այլ փորձագետների վճարելու համար։ Բոլոր ծախսերի հաշիվները ներկայացվում են ամսական կտրվածքով համապատասխան փաստաբանի կողմից ծախսված ժամանակի ընթացքում մատուցված ծառայության նկարագրությամբ։ 2017 թվականին՝ պայմանագրի կնքումից հետո, ՀՀ արդարադատության նախարարությունը CMS-ին, որը իր հաշիվներւմ արտացոլում է նաև «Կոնցեռն դիալոգի» վճարները,  արդեն իսկ փոխանցել է 60 հազար ԱՄՆ դոլար՝ որպես կանխավճար։

Մեզ հասած տեղեկություններով՝ վերջերս նախարարությունը ևս 200 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել ընկերությանը, և այսպես՝ մինչև գործի վերջնական ելքը, որը, ինչպես արդեն նշեցինք, սպասվում է 1-2 տարուց ոչ շուտ։

Ներկայացված գումարների պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մինչև այս գործի ավարտը Հայաստանը պետական բյուջեից ավելի քան 1 միլիոն դոլար է ծախսելու՝ Սերժ Սարգսյանի եղբոր անօրինականությունները, հովանավորչությունը արդարացնելու համար։ Այս գործելաոճը գուցե հասկանալի կլիներ նախկին իշխանությունների ժամանակ, բայց ներկայումս առնվազն զարմանալի ու տարօրինակ է, որ նախկին իշխանությունների սկսած գործը առաջ է տանում նոր կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության։ ՀՀ յուրաքանչյուր հարկատուի մոտ կարող է պարզ հարց առաջանալ, թե ինչու ինքը պետք է վճարի նախկին նախագահի եղբոր մասնակցությամբ, հովանավորչության պատճառով տեղի ունեցած մի թալանի գործի համար, որը արդարացի քննության ակնկալիքով հասել է միջազգային դատարան։

Արդարադատության նախարարությունը թերևս պետք է քայլեր ձեռնարկի տուժողի, տվյալ դեպքում՝  Էդմոն Խուդյանի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, այլ ոչ թե միջազգային ատյանում փորձի պաշտպանել, արդարացնել մարդու իրավունքների խախտումը։

Մանրամասները՝ 1in.am

Կիսվել նյութով