Մամուլ

Ավելի քան 4000 ուսանող ուսման վարձի փոխհատուցում կստանան կառավարությունից

2019-20թթ. ուսումնական տարում Հայաստանի բուհերում ավելի քան 4000 ուսանող ուսման վարձի մասնակի և լրիվ փոխհատուցմամբ սովորելու իրավունք կստանա։ Այդ որոշումը վերաբերվում է այն մասնագիտություններն ընտրած ուսանողներին, որոնց կարիքը ՀՀ տնտեսությունն այսօր ունի։

Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշեց, որ այդ նպատակով հիմնականում ընտրություն է կատարվել առաջնային կարևորություն ներկայացնող ռազմավարական ոլորտներում` բարձր տեխնոլոգիական, մշակութային, գյուղատնտեսական և այլն։

Հարությունյանը նշեց, որ այս ուսումնական տարվա ընթացքում ուսման վարձի մասնակի և լրիվ փոխհատուցման իրավունքից կօգտվեն 2600 բակալավր, 1300 մագիստրոս և 140 ասպիրանտ։

Հարությունյանը կարծում է՝ ճիշտ կլինի, որ հաջորդ տարիների համար գերատեսչություններն իրենք կառավարությանն առաջարկեն իրենց անհրաժեշտ մասնագետների հաշվարկներն ու դրան համապատասխան պետպատվեր տեղերի պատվերներ ներկայացնեն բուհերին։

Հիշեցնենք՝ դեռ անցած տարվա դեկտեմբեր ամսին Հարությունյանը նշել էր, որ նման ծրագիր է նախապատրաստվում՝ 50 մլն դրամ կհատկացվի ուսման վարձավճարները մասնակի փոխհատուցելու համար։

Կիսվել նյութով