Շոու-բիզնես

«Ավելի լավ է մի ընթացք տաքսի վարեմ, քան նման պատասխանատվություն վերցնեմ»․ Տիգրան Գյուլումյանը՝ գործընկերների բողոքի ցույցին չմիանալու մասին

«Ավելի լավ է մի ընթացք տաքսի վարեմ, քան նման պատասխանատվություն վերցնեմ»․ Տիգրան Գյուլումյանը՝ գործընկերների բողոքի ցույցին չմիանալու մասին

Tert.am Life-ը Տիգրանի հետ զրուցել է ներկայիս զբաղվածության և ֆինանսական դժվարությունների մասին։

Դերասան Տիգրան Գյուլումյանն այս ընթացքում նկարահանվում է «Հարս չկա» նախագծում։ Ինչպես գործընկերներից շատերի, այնպես էլ Տիգրանի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը հանդիսավարի աշխատանքն է։ Դերասանը նաև բիզնեսով է զբաղվում, որն այս ընթացքում լուրջ ճգնաժամի մեջ է։

«Մինչև «Հարս չկա» նախագիծն ինձ մոտ դադար էր։ Ես նկարահանման ոչ բոլոր առաջարկներն եմ ընդունում, քանի որ պետք է վստահ լինեմ՝ կարո՞ղ եմ ստանալ այն, ինչ ուզում եմ, բացի այդ, ինքս ինձ չպետք է խաղամ։

Իմ անձից շատ հեռու կերպարներ եմ սիրում, որովհետև այդ դեպքում հնարավոր է ամբողջությամբ ցուցադրել մասնագիտական որակներդ, նորություն ասել, իսկապես խաղալ։ Այս նախագծում պրոֆեսիոնալների հետ եմ աշխատում, սիրով համաձայնեցի հանդես գալ»,- ասաց Տիգրանը։

Դերասանը ժպիտով նշեց, որ արձագանքները շատ են, իրեն ուրախացնում է, երբ իր մոտ ստացվում է ազդել մարդկանց զգայական դաշտի վրա։ «Սիրում եմ, երբ ասում են՝ չենք սիրում կերպարդ, խանգարում է, լավ կլիներ, եթե չլիներ։

Սա հետևության առիթ է, որ շատ դիպուկ ու ճիշտ եմ կարողացել «խաբել» հեռուստադիտողին։ Դերասանի աշխատանքն էլ հենց դրանում է՝ հնարավորիս ճիշտ խաղալ և ազդել մարդկանց ընկալման վրա»,- ասաց դերասանը։

Տիգրանը հեռուստադիտողների մոտ հիմնականում տպավորվել է իր հումորային կերպարներով։ Նաև թատրոնի ուղին անցնող դերասանն իր աշխատանքին պրոֆեսիոնալ է մոտենում՝ չտարանջատելով դրամատիկ և հումորային կերպարները․

«Մի տեսակ չեմ հասկանում սպանություններով, բաժանություններով երկար սերիալները, նշանակում է՝ չեմ կարող նկարահանվել դրանցում։ Նման դեպքերում առաջարկները մերժում եմ։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ պրոդյուսերներն ու ռեժիսորներն ինձ տեսնում են հումորային կերպարներում»։

Արդեն 14 տարի է՝ Տիգրանը հանդես է գալիս կորպորատիվ միջոցառումներում։ Հանդիսավարի աշխատանքը դերասանի համար եկամտի լավ աղբյուր է․ «Որքան էլ ես դրան նայեմ որպես եկամտի աղբյուր, երբեք «մատերի արանքով» չեմ մոտենում։ Սա այն աշխատանքն է, որտեղ ևս պետք են գալիս դերասանի հմտությունները։

Ես խաղում եմ յուրաքանչյուր միջոցառման ժամանակ։ Դու որևէ մեկի բարեկամը չես, բայց բոլորի մտերիմը պետք է լինես, այլապես քեզ չեն լսի։ Այսինքն՝ սա նույնպես ոչ մեխանիկական աշխատանք է ենթադրում։ Ամեն խմբի հետ մի լեզվով ես խոսում, որպեսզի քեզ հասկանան»։

Այս ընթացքը, երբ կորպորատիվ ոլորտում որևէ աշխատանք չկա, Տիգրանի համար դժվար է։ «Հազար ու մի հարց կա՝ սկսած նրանից, որ իմ բիզնեսը կանգնել է ու հիմա ճգնաժամ է։ Եթե այս ամենը երկարեց, հնարավոր է պետք լինի ամեն ինչ նորից զրոյից սկսել։

Սա ինձ համար ողբերգություն է, որովհետև ես շատ գումար եմ ծախսել։ Ինձ մոտ էլ կա ֆինանսական դժվարություն, ինչը բնական եմ համարում։ Մարդիկ աշնանը գումար են տվել, որ գարնան համար միջոցառում անենք, սակայն հիմա միջոցառում չեն անելու։

Ստացվում է, որ դու պետք է գումարը վերադարձնես, բայց ինչպես դա անել, եթե արդեն իսկ գործ չկա»,- ասաց Տիգրանը։

Դերասանը, անկախ ամեն ինչից, լավատեսորեն է տրամադրված։ Նրա խոսքով՝ պետք է միասին պայքարել, ճիշտ քայլեր իրականացնել և տրամաբանորեն մոտենալ հարցին։

Տիգրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նա միացել է օրերս Կառավարության դիմաց գործընկերների անցկացրած բողոքի ակցիային։ Դերասանը նշեց, որ որքան էլ միշտ պատրաստ է սատարել իր գործընկերներին, չի միացել, քանի որ դրա համար հիմնավոր պատճառներ ունի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում