Մամուլ

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կհարցաքննվի

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կհարցաքննվի

Համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով կհարցաքննվի այդ ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:

«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետեւ ամեն դեպքում Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը, եւ պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։

Գործի շրջանակում մեկ ամսով կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրենը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Շահումյանը կալանավորված է։

Նշենք, որ համավարակի շրջանում չարաշահումներ կատարելու գործով «Մեդլայն»-ի ձերբակալված 10 բժիշկներն էլ ազատ են արձակվել։

Կիսվել էջում