Ազատ խոսք

Առողջապահության նախարարությունը չի տրամադրում տվյալներ, թե մահացածներից քանիսն են եղել պատվաստված

Առողջապահության նախարարությունը չի տրամադրում տվյալներ, թե մահացածներից քանիսն են եղել պատվաստված

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.

«Այսօր շատերը պատվաստման գովազդ-քարոզով են զբաղված, ընդ որում պետական բարձր հովանավորությամբ և ուղղորդմամբ: Մահացածների վիճակագրություն են մեջբերում, իրենց կամ իրենց ընտանիքի անդամների պատվաստված լինելն են ի ցույց դնում և այլն:

Վստահ եմ, որ այս խմբի մեջ գտնվողներից շատերը դա անում են լավ նպատակներով: Իրենք իրոք կարծում են, որ նորաստեղծ պատվաստանյութերը կպաշտպանեն կորոնավարակից և նրանց առողջությանն այլ վնաս չեն պատճառի:

Բայց երբ այս խմբի անդամները փորձում են հավանություն տալ պետական մարմինների կողմից մարդկանց ստիպելու կամ մարդկանց իրավունքներն անտեսելու գործողություններին, և նույնիսկ նպաստել դրան, ապա հասկանում ես, որ լուրջ ճգնաժամ է սպասվում:

«Ազատ կամք» նախաձեռնության անդամներիս մոտեցումը շատ պարզ է: Մարդն ազատ պետք է լինի որոշելու պատվաստվել, թե՝ ոչ: Եվ այն էլ, երբ՝

1) Պատվաստանյութերը նոր են ստեղծված (մոտ մեկ տարեկան են) և պարզ չեն դրանց վնասակար ազդեցությունները.
2) Պատվաստված մարդը վարակվում է և կարող է վարակը փոխանցել.
3) Պատվաստումը վարակից վերջնականորեն չի պաշտպանում և կարիք է լինելու հետագայում կրկին պատվաստվել.
4) Պատվաստված մարդը կարող է մահանալ կորոնավիրուսից.
5) Հիմնավոր չի պարզաբանվել, թե վարակված ու առողջացած մարդը ինչու պետք է պատվաստվի, երբ ունի հակամարմիններ:

harcum zohrabyan

Պետությունը պետք է ստեղծի հասանելիություն պատվաստանյութերին և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան որոշում կայացնել: Մինչդեռ, երբ պետությունն ինքն է գովազդում այդ ապրանքները, չի կարող օբյեկտիվ լինել:

Առողջապահության նախարարությունը համառորեն չի տրամադրում տվյալներ, թե մահացածներից քանիսն են եղել պատվաստված քովիդի դեմ: Ըստ էության պատճառաբանում է, թե չունի այդ տվյալները: Այս դեպքում հարց է ծագում, ինչպես է վերահսկելու պատվաստանյութերի բացասական ազդեցությունը մարդու առողջության նկատմամբ կամ ինչպես է պնդում, որ պատվաստանյութերից մարդիկ չեն մահանում:

Եթե մարդն իր առողջության կամ կյանքի մասին մտածելով պատվաստվել է, ես հարգում եմ իր որոշումը և նրան չեմ համարելու «բաժանարար գծից» այն կողմ գտնվող մարդ: Նույն կերպ ակնկալում եմ, որ պատվաստված մարդը հարգի իմ՝ չպատվաստվածիս որոշումը:

Եթե մարդը չի ուզում պատվաստվել, բայց նրան ստիպում են պատվաստվել, ապա այստեղ բոլորս՝ պատվաստվածներով ու չպատվաստվածներով, անելիք ունենք: Ապագայում պատվաստվածներին էլ կարող են ստիպել կրկին պատվաստվել իրենց կամքին հակառակ, կամ մարդկանց արժանապատվությունը ստորացնող կամ անիմաստ սահմանափակումներ պարտադրեն, ինչպիսին է օրինակ բացօթյա տարածքում մարդուն դիմակ կրելու նոր պարտադրանքը:

Ու քանի լռում ու հանդուրժում ենք պարտադրանքների շքերթը շարունակվելու է:

Հ.Գ. Տեղեկացնում եմ նաև, որ մեր թիմը դատական հայցեր է նախապատրաստում պատվաստվելուց հետո մահացած անձանց ընտանիքների անունից պետությունից վնասի հատուցում պահանջելու կապակցությամբ»:

Կիսվել էջում