Ազատ խոսք

Առողջապահության նախարարը նույնպես մտահոգ է կատարվածից, քիչ առաջ հեռախոսազրույց ունեցանք․ մահացած նորածնի մայր

Օրերս գիտակցության մեջ չտեղավորվող նորածնի անհասկանալի մահվան դեպքը առ այսօր շարունակում է մնալ առեղծված։ Մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը, տեղեկացնում է։ «Լինելով շնորհակալ Հայուհու կերպար, Ուզում եմ Ձեզ ասել, որ առողջապահության նախարարը նույնպես մտահոգ է կատարվածից։ Քիչ առաջ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար՝ Ալինայի հետ հեռախոսազրույց ունեցանք։

Նրանք, բացի նրանից, որ ամեն կերպ փորձում են բացահայտել կատարվածը, այլ նաև մտահոգ են իմ առողջությամբ։ Ալինան ինձ հաղորդեց ,որ առողջապահության նախարարի միջնորդությամբ բուժզննում եմ անցնելու նշված հիվանդանոցում, օրը ժամը արդեն պայմանավորված է։

Իսկապես ես դրա կարիքը ունեյի, բայց վախենում էի դիմել որևէ բժշկի, այսքան փորձություններ անցնելուց հետո։ Այս դեպքում համաձայնեցի, քանի որ առողջապահության նախարարության իմացությամբ և վերահսկողությամբ կլինի հետազոտություններն ու բուժումը։ Գոնե այս անգամ ինձ չեն թմրեցնի և թունավորի իրենց անգրագիտության հետևանքով։ Նաև հանդիպում կկազմակերպի նախարարի հետ։

Մենք ուժեղ ենք միասին։ Ես իմ հոգու խորքում հավատում եմ, որ կհասնեմ ցանկալի արդյունքի»։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է․

«Վերջին օրերին բազմիցս հարցեր եմ ստացել «Հանրապետական ծննդատան» դեպքի հետ կապված, մասնավորապես, որ ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին։

Որևէ հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չեմ եկել, քանի որ նյութեր էին նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։

Քիչ առաջ տեղեկացա, որ գործն արդեն իսկ ուղարկվել է Քննչական կոմիտե և խոսեցի քննչական կոմիտեի նախագահի հետ։ Վստահ եմ, որ իրավապահները կիրականացնեն արդար քննություն և կտան բոլոր հարցերի պատասխանները։

Նշեմ, որ դեպքի առաջին իսկ պահից նախարարությունը տեղեկացված է եղել և օգնել է իրավապահներին օբյեկտիվ տեղեկատվություն հավաքագրելու գործում։ Այս պահին սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը՝ հետևություններ անելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան համակարգային միջոցառումներ ձեռնարկելու համար»։

Կիսվել նյութով