Մամուլ

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. Արշալույս գյուղի ջրատարում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. Արշալույս գյուղի ջրատարում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մեջ այրված դի կա: 

Ոստիկանները ու քննիչները նշված ջրատարի մեջ հայտնաբերել են ամբողջությամբ այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դի:

Աղբյուրի տեղեկություններով՝ կնոջ ձախ դաստակը անդամահատված է եղել:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դին ջրատարից դուրս բերելու համար ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցանքը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ձեռնարկվում են նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Կիսվել էջում