Մամուլ

«Առավոտյան սուրճ ես խմում մարդու հետ, հիմա` անցյալով խոսում». մանրամասներ պայթյունից «Սպուտնիկ»

«Առավոտյան սուրճ ես խմում մարդու հետ, հիմա` անցյալով խոսում». մանրամասներ պայթյունից

Sputnik Արմենիան գրում է․ «Պռոշյանի կոնյակի գործարանի» բակում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ծիրանի խյուսի գետակներ են հոսում։ Չորս կողմում կիսաայրված փայտի կտորներ են, կոտրված ապակիներ։ Պայթյունը երկու մարդու կյանք է խլել։

Արմավիրի մարզի Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում ամռան սկզբից գինու ռեզերվուարների համար տանիք էին կառուցում։ Պայթյունը տեղի է ունեցել հենց այդ վայրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում գործարանի լաբորատորիայի վարիչ Հովհաննես Ղարիբյանը մանրամասներ ներկայացրեց գործարանում տեղի ունեցած այսօրվա ողբերգական դեպքից։

Ռեզերվուարների մոտ հասնելու համար պետք է ծիրանի խյուսի մի քանի «գետակ» հաղթահարենք։ Դեպքի վայրում, գետնին կոտրված ապակիներ են, կիսաայրված փայտի կտորներ։ Հենց այդտեղ էլ զրուցում ենք Հովհաննես Ղարիբյանի հետ։

«Քանի որ ռեզերվուարները դրսում են, ծածկ էր կառուցվում` անձրևից, ձնից պաշտպանելու համար։ Ամեն օր երկու–երեք աշխատակից էր գալիս. տեղում նաև մեր աշխատողներն էին լինում` վերահսկելու համար»,–պատմեց Ղարիբյանը։

Դեպքի մասին Ղարիբյանը դժվարությամբ խոսեց, պայթյունի հետևանքով մահացածներից մեկի` մասնաճյուղի տնօրեն Լևոն Ալեքսանյանի հետ ժամեր առաջ էր շփվել։ Առավոտյան սովորականի պես մասնաճյուղի ղեկավարի գլխավորությամբ ժողով էր եղել։ Այսօրվա թեման մթերման սեզոնին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներն էին։ Ժողովից հետո տնօրենը գնացել էր շինարարական աշխատանքները վերահսկելու, և տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«Այսօր առավոտյան սուրճ ենք խմել միասին, զրուցել… Սարսափելի է, որ ժամեր առաջ շփվել ենք, իսկ հիմա անցյալով եմ խոսում Լևոնի մասին։ Նա շատ պրպտող, իր գործին նվիրված, պատասխանատու մարդ էր։ Ժամանակին գիտական աշխատանքով էր զբաղվում` միկրոկենսաբանն էր»,–ասաց Ղարիբյանը։

Նա ասաց նաև, որ Լևոն Ալեքսանյանն ամուսնացած է և փոքրիկ` 4-5 տարեկան աղջիկ ունի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում