Մամուլ

Աջափնյակ վարչական շրջանում աղբամանները չգործածելու հրահանգ են տվել

Հիշում եք, չէ՞, կային հատուկ օրեր շաբաթվա ընթացքում, երբ լսվում էր զանգի ձայնը, որն իր հետ բերում էր գարշահոտության մնայուն պատկերը ու հանկարծ տներում իրարանցում էր սկսվում, դույլերի ու պարկերի կույտով դուրս էին վազում տան կանայք ու գարշահոտ գեղեցկուհուն էին փոխանցում  ամբողջ շաբաթվա կուտակածը։

Հիշողությունները լավ զգացումներ են արթնացնում, անցյալը միշտ էլ հաճելի է հիշել․ «ի՞նչ վատ էր որ, բոլորս երտասարդ էինք, անհոգ, թող էն ժամանակվա պես լիներ, փոխարենը ջահել ու առողջ էինք»․- կասեր մեր հարևան Վարդուշ տատը ու էլի շատերը։

Դե, ինչ, ժողովուրդ, շնորհավորում եմ, Սանիթեքը որոշել է մի փոքրիկ նվեր մատուցել մեզ, նա հետ կբերի անցյալը ու մենք հիմա նորից պիտի սպասենք այդ բաղձալի զանգի ձայնին և աշխատակցի ականջ շոյող «զիբի՜լ» բացականչություններին։

Աջափնյակ վարչական շրջանում աղբամանները չգործածելու հրահանգ են տվել սանիթեքցիները, այսուհետ աղբահանման այդ տարբերակը չի գործելու, քանի որ չկան համապատասխան մեքենաներ, բնակիչները պիտի «զիբիլի ավտոյի» գալուն պես դուրս հանեն կուտակված աղբը։

«Վճարեք մեզ և մենք ձեր օգնությամբ կանենք մեր աշխատանքը»։ Սա էլ երևի  Սանիթեքի նոր կարգախոսն է։

Կիսվել էջում