Մամուլ

Աննա Հակոբյանն այցելել է 94-ամյա Հայկանդուխտ տատիկին. ֆոտո

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օգոստոսի 6-ին այցելել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնք։ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի, համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանի և դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է համայնքի նորաբաց «Գիտունիկ» մանկապարտեզում և Սոնասարի Սամսոն Կյուրեղյանի անվան միջնակարգ դպրոցում։

Սոնասար համայնքի «Գիտունիկ» մանկապարտեզը բացվել է  հուլիսի 14-ին։ Այն վերանորոգվել է «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով։ Մանկապարտեզը սպասարկում է Սոնասար, Մշենի, Հոչանց և Առվական համայնքների 20 երեխաների։ Աննա Հակոբյանը շրջել է մանկապարտեզով, ծանոթացել կառույցի պայմաններին, շփվել մանկապարտեզ հաճախող երեխաների և նրանց ծնողների հետ, եղևնի տնկել բակում։

Դպրոցում վարչապետի տիկինը նախ այցելել է կրթօջախի անունը կրող Արցախյան ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անկյուն, ծանոթացել ազատամարտիկի կյանքի պատմությանը, դպրոցի գործունեությանը։

anna hakobyan 3

«Շնորհակալ ենք Ձեր այցի և Սոնասար համայնքի հանդեպ Ձեր ուշադրության համար։ Անգնահատելի է այն գործը, որը դուք արեցիք մեր համայնքի երեխաների համար՝ օգնելով մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին»,-հանդիպմանն ասել է Սոնասար համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանը։

«Շնորհակալության կարիք չկա։ Դա նորմալ է, որ համայնքը պետք է մանկապարտեզ ունենա, աննորմալ էր, որ 30 տարի է համայնքը չուներ մանկապարտեզ։ Պետությունը պարտավոր է դա անել։ Դուք հերոսներ եք, որ ապրում եք այստեղ, որ կառչած եք ձեր հող ու ջրին։ Ոչ թե դուք պետք է շնորհակալություն հայտնեք, այլ պետությունը պետք է շնորհակալություն հայտնի Ձեզ ձեր կատարած աշխատանքի համար»,- ասել է Աննա Հակոբյանը։

Այնուհետև վարչապետի տիկինն այցելել է Սամսոն Կյուրեղյանի 94-ամյա մորը՝ Հայկանդուխտ Կյուրեղյանին։ Հուլիսին, Սոնասարի մանկապարտեզի բացման արարողության ժամանակ տիկին Հայկանդուխտը «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցներին փոխանցել էր, որ շատ է ցանկանում հանդիպել Աննա Հակոբյանին։

anna hakobyan 1

Վարչապետի տիկինն էլ խոստացել էր, որ Արցախ այցելության ժամանակ անպայման կհանդիպի Հայկանդուխտ տատիկին։  Ջերմ մթնոլորտում Աննա Հակոբյանը պատմել է Արցախ այցելության մասին, տիկին Հայկանդուխտն էլ պատմել է ազատամարտիկ որդու կյանքի պատմությունը, ներկայացրել Սոնասարում իր առօրյան, թոռների ու ծոռների հաջողությունները։

Կիսվել նյութով