Մամուլ

Աննախադեպ՝ 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ գրավի միջնորդություն. Ում կալանքն են ցանկացել փոխարինել գրավով. «Ժողովուրդ»

Աննախադեպ՝ 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ գրավի միջնորդություն. Ում կալանքն են ցանկացել փոխարինել գրավով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ աննախադեպ բան է եղել. այս տարվա հունվարի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ կայացած դատական նիստի ընթացքում, երբ քննվում էր Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի և օգնականի եղբոր՝ Հարություն և Զավեն Գրիգորյանների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործով նիստը, պաշտպան Լևոն Սահակյանը Հարություն Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու համար միջնորդել է վճարել 1 տրիլիոն 697 մլրդ դրամ: Թե ինչպես պետք է վճարեին, պարզ չէ:

Դատավորը, սակայն, մերժել է Զավենին ազատ արձակել անգամ ՀՀ պետբյուջեի եկամուտների չափով առաջարկված 1 տրիլիոն 697 միլիարդ դրամ գումարը որպես գրավ ընդունելու պայմանով:

Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանն այն դատավորն է, որի մասին, ըստ ամենայնի, խոսում էին հայտնի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ դատավոր Հրաչ հիշատակելով:

Հիշեցնենք նաև, որ այդքան մեծ թվով գրավ վճարելու պատրաստակամություն հայտնած կողմի գործը այն աղմկահարույց և ցավալի միջադեպն էր, երբ նախորդ տարվա սեպտեմբերին վիճաբանություն էր եղել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի և ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի միջև, որի հետևանքով փոխգնդապետը գլխի շրջանում լուրջ վնասվածք էր ստացել, և արդեն 4 ամիս է՝ կոմայից դուրս չի գալիս:

Նա հյուծվել է, նիհարել և միայն շնչում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով