ՄամուլՏեսանյութ

Անհետ կորած զինծառայողի կինը 2.5-ամյա դստեր հետ տունը կորցնելու եզրին է կանգնած. բանկերը պահանջում են վճարում կատարել

Անհետ կորած զինծառայողի կինը 2.5-ամյա դստեր հետ տունը կորցնելու եզրին է կանգնած. բանկերը պահանջում են վճարում կատարել

«Փաստինֆո»-ն գրում է․ 24-ամյա Մարիամ Բալեյանը ամուսնուն պատերազմ ճանապարհելիս չէր էլ պատկերացնում, որ 2,5 տարեկան դստեր հետ միայնակ կմնա մի շարք խնդիրներն ուսերի հետ միասին։ Ամուսինը՝ Վարդան Ադոյանը հոկտեմբերի 21-ից անհետ կորած է համարվում: Հիմա, Մարիամը, իր վիշտը թողած, պետք է մտածի 2018 թվականին հիփոթեկով ձեռք բերված տան վարկերը վճարելու մասին։

«72 ժամ հետո անհետ կորած է համարվել Վարդանը։ Ամուսինս աշխատավարձ չի ստացել, չի էլ ստանում, պետությունից աջակցություն եղել է մեկ անգամ՝ երեխայի համար»,- «Փաստինֆո»-ին պատմել է Մարիամը։

Կառավարությունը հայտարարում է, թե զոհված, անհետ կորած, վիրավորված քաղաքացիների վարկերը ներվում են, փոխհատուցումներ են տրվում, բայց բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ վարկերը չեն ներվում։ Վարդան Ադոյանի կինը՝ Մարիամը պատմեց, որ շարունակ նամակներ է ստանում, որով պահանջում են վճարել վարկերը։

Արդշինբանկը ներումների է գնացել մինչև մայիս, եթե մինչև այդ չլինի դատարանի որոշումը՝ որ ամուսինն անհետ կորած է, վճարումները պետք է անի, եթե ոչ՝ տունն այլևս իրեն չի պատկանի։ Վճարումներ է պարտադրում նաև ՎՏԲ բանկը, չնայած զորամասից թուղթ են ներկայացրել։ Ամեն չվճարած ամսվա գումարին տոկոսներ են ավելանում։

mariam baleyan

Սակայն Մարիամը չի կարող կատարել վարկային պարտավորությունները մի պատճառով՝ գումար չունի, աշխատանք ևս, ամուսինն էլ անհետ կորած զինծառայողների ցուցակում է։

«Զինվորների ապահովագրության հիմնադրամից փող չենք ստացել, թղթեր պետք է հավաքագրեմ, սակայն Վարդանը անհետ կորածների ցուցակում է։ Արդշինբանկը զիջումների է գնացել մինչև մայիս ամիս։ Եթե այդ ժամանակ դատարանի որոշում չլինի, պետք է շարունակեմ գումարը վճարել, եթե ոչ, ապա տունն այլևս իմը չի լինի։ Նամակ է գալիս նաև ՎՏԲ-ից, մայր գումարի տոկոսներն ավելանում են, չմուծելու դեպքում։

Զորամասից թուղթ եմ ներկայացրել, բայց դա չի անցնում։ Երևի, դա իրենց քիչ է»,- ասաց Մարիամը։

Դժվարությամբ ձեռք բերված տան համար ավելացող տոկոսները մի կողմից, գումար հայթայթելու խնդիրն ու թղթաբանությունը ՝ մյուս։ Մարիամը 3 միլիոն՝ 700 հազար դրամ վճարումները ստիպված է լինելու ինքնուրույն անել։

Բացի ֆինանսական խնդիրներից Մարիամը տան ու աշխատանքի խնդիր էլ ունի։ Երկար պայքարից հետո կարողացել են 2,5 տարեկան դստերը Էջմիածի մանկապարտեզում տեղավորել։ Փորձնական շրջանից հետո, երբ փոքրիկը հարմարվի նոր միջավայրին, մայրն աշխատանք կփորձի գտնել։ Տունը, որ երջանկություն պետք է բերեր երիտասարդներին, հիմա գոյատևելու պայքար է դարձել։

Երեք տարի առաջ ձեռք բերված տան կտուրը ոչ մի կերպ չեն կարողանում վերանորոգել։ Դիմել են քաղաքապետարան, սակայն աջակցություն չեն ստացել։

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի տեսանյութում

Կիսվել նյութով