ՄամուլՏեսանյութ

«Անեկդոտ կա չէ՞, ասում է՝ իմ դարդը քիչ էր, հարևանս էլ 06 է շահել»․ Փաշինյան (Տեսանյութ)

«Անեկդոտ կա չէ՞, ասում է՝ իմ դարդը քիչ էր, հարևանս էլ 06 է շահել»․ Փաշինյան

Այս ի՞նչ երևույթ է, չուզողի, չուզող հարևանի տրամաբանությամբ ասել՝ ինչո՞ւ նրա հարցը լուծեցիք: Կամ ի՞նչ է ակնկալվում, մեզնի՞ց էլ է ակնկալվում, որ մենք էլ բիրտ լինե՞նք:

Նույնն էլ Ամուլսարում ստեղծված իրավիճակի շուրջ էր, ասում էինք ժողովուրդ ջան, 5 տարի ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեղի էր ունենում, ձեր ձայնն ինչո՞ւ չէիք բարձրացնում, ասում էին՝ մեզ կբռնեին, բիրտ էր իշխանությունը, մեզ հետապնդումների կենթարկեին:

Այսինքն ի՞նչ, ուզում եք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ, ա՞յդ է մեր ակնկալիքը, ա՞յդ է մեր ուզածը:

Ասում եմ, եթե մենք հարցեր լուծենք՝ առաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ քաղաքական կամ անձնային շահերով, մեր հորեղբոր որդիներին կամ հորաքրոջ թոռների նկատմամբ ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունքով, այս ամեն ինչը հասկանալի կլիներ:

Բայց ընդհանրապես ասում եմ՝ հարաբերությունների այս ձևը բացարձակապես անընդունելի է, որովհետև սա քաղաքակրթական առումով փորձ է Հայաստանը կրկին հետ գլորել բոլորովին ուրիշ տրամաբանության մեջ:

Մենք չենք վախենալու հարցեր լուծել, ինչ է թե այդ հարցը լուծում ենք, կամ որ խմբի հարցը լուծում ենք՝ չուզող հարևանը դուրս է գալու ու ասի՝ ինչո՞ւ մեր հարցը չեք լուծում:

Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, մենք բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բոլոր հարցերն էլ քննարկելու ենք, բայց զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք, որովհետև դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

Հիմա նույն աղետի գոտու հետ կապված խնդիրներ են լինելու: Այո, մենք հստակ ասում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության 453 քաղաքացու նկատմամբ է արձանագրված պետության դե յուրե պարտավորությունը:

Ուրիշ որևէ մարդ Հայաստանի Հանրապետությունում չկա, որ փաստաթուղթ լինի, որ պետությունն իր նկատմամբ ունի պարտավորություն:

Շատ լավ, մենք հասկանում ենք, որ կարող են լինել տեխնիկական խնդիրներ, կարող են լինել այլ խնդիրներ, ասում ենք կրկին կնայենք, բայց կրկին ասում եմ՝ ցույց տալու համար, որ այս 453 շահառուի հարցը երբ մենք լուծենք, իսկ մենք դա 2020 թվականի արդյունքներով վստահաբար լուծելու ենք, կռահում եմ, որ այստեղ էլ են լինելու, ասելու են՝ ինչո՞ւ իրենց հարցը լուծեցիք, մեր հարցը չլուծեցիք:

Անեկդոտ կա չէ՞, ասում է՝ իմ դարդը քիչ էր, հարևանս էլ 06 է շահել: Հիմա այս տրամաբանությունը դարձել է Հայաստանում հանրային հարաբերությունների կանոն:

Սա չի կարելի, սա անթույլատրելի  է, լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա, տրամաբանություն կա: Մեկի հարցը լուծում ես, մյուսը նեղվածությունից գալիս է կառավարության դռների առաջ է պարկում: Սա ինչքան կարելի է՞»:

Առավել մանրամասն՝ Bavnews.am-ի տեսանյութում

Կիսվել