Մամուլ

Անգամ հաշվի չառան, որ գրկի երեխա ունեմ, պայքարելու եմ, որ պատժվեն

Անգամ հաշվի չառան, որ գրկի երեխա ունեմ, պայքարելու եմ, որ պատժվեն

Hraparak.am-ը գրում է․ Ուղիղ 4 տարի առաջ Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը ձերբակալվեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ:

Տնօրենը մեղադրվում էր երեք հոդվածներով՝ (կաշառք վերցնելը, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Այնուհետև նրա նկատմամբ ընտրված կալանքի խափանման միջոցը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, և Կարինե Լալազարյանն ազատ արձակվեց: Գործով մինչ օրս ընթանում է դատաքննություն:

Գյումրու թիվ 27 դպրոցի արդեն իսկ նախկին տնօրենն այդպես էլ չի համակերպվում այն բանի հետ, ինչ կատարվել է իր հետ այդ օրերին:

«18 օր ինձ ձերբակալեցին, անմարդկային վերաբերմունք դրսևորեցին, անգամ հաշվի չառան, որ գրկի երեխա ունեմ, իսկ հետո էլ հարազատներիս շանտաժ անելով՝ ինձանից կորզեցին աշխատանքից ազատման դիմումս, որից հետո միայն ազատ արձակեցին:

Ես մինչև այսօր պայքարում եմ, դիմել եմ դատական մարմիններին եւ շարունակելու եմ դիմել, որ իմ նկատմամբ նման անօրինականություններ անողները դատապարտվեն:

Բոլորը միմյանց հետ համագործակցում են: Ներկա դատախազին էլ եմ դիմել, որ իմ բողոքին ընթացք տան, պատժվեն այն պաշտոնյանները, որոնք իմ նկատմամբ անարդարություն են գործել, բայց անընդհատ կասեցվում է, գալիս է պատասխան, թե հանցակազմը բացակայում է:

1-ին ատյանի դատարանը մերժեց, վերաքննիչը բավարարեց, վճռաբեկը կրկին մերժեց: Եթե այսպես շարունակվի, մի օր կհասնեմ, երևի, Եվրոպական դատարան:

Ես ուզում եմ, որ Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը պատասխան տա այն ամենի համար, ինչ արեց ինձ հետ»,- hraparak.am-ին ասաց Կարինե Լալազարյանը՝ իր ձերբակալության դեպքից որոշ մանրամասներ պատմելով․

«2019 թ-ի մարտի 26-ին իմ գործավարուհուն հրավիրել էին հարցաքննության, նա զանգահարեց ինձ եւ ասաց, որ իրեն ձերբակալում են՝ պատճառաբանությամբ, թե նրա միջոցով ես կաշառք եմ վերցրել:

Ես անմիջապես հասկացա, որ թիրախը ես եմ, քանի որ տեսչական մարմինն իբր ստուգումներ անցկացրեց դպրոցում, չարաշահումներ բացահայտեց: Ի դեպ, ապրիլ ամսին ինձ արդեն նամակ եկավ, որ տեսչական մարմինն իր լիազորություններն անցել է:

Ուսուցիչներին տրամադրեցին իմ դեմ, եւ իհարկե, ինձ էլ ձերբակալեցին, ու այդ պահից սկսվեց ինձ համար անասելի ծանր ապրումները : 

Ձերբակալությունից հետո նախ քրոջս են թողնում մտնել քրեակատարողական հիմնարկ, որի իրավունքը չկար, որպեսզի ինձ համոզի՝ աշխատանքից  ազատման դիմում գրեմ : Հանկարծ  իմանում եմ՝ մարզպետարանի աշխատակիցն է մեր տուն այցելել, թե իբր երեխային խնամող չկա, ուղարկում են մանկատուն:

Այն դեպքում, երբ երեխաս ապահով ձեռքերում էր: Հասկանում եք՝ իմ թույլ տեղից  էին բռնել:

Հետո ամուսնուս հորեղբոր տղայի միջոցով ուղղորդում են, որպեսզի ես համաձայնեմ ինձ փաստաբան ընտրել այն անձին, որը իրենց մարդն էր, եւ նա  ինձ համոզում է աշխատանքից ազատման դիմում գրել, որպեսզի կրկին հայտնվեմ ազատության մեջ:

Ազատման դիմումս գրելուց հետո ինձ բաց թողեցին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում