Մամուլ

Այս ի՞նչ ենք անում, սա ռումբ է՝ դրված պետականության տակ. Ռոբերտ Քոչարյանն՝ իր մեղադրանքի մասին

Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, այս ի՞նչ ենք անում. սա ռումբ է պետականության համար։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից իրեն առաջադրված մեղադրանքին։

Նա հայտարարել է, որ գործն ամբողջությամբ հորինված, շինծու, քաղաքական ենթատեքստ ունեցող և իրականության հետ որևէ առնչություն չունեցող մեղադրանք է։

«Սա վտանգավոր պահ է հենց երկրի համար։ Ռումբ է՝ դրված մեր պետականության տակ։ Սահմանադրական դատարանի որոշման այս ձևով վերանայումը մի ռումբ է, որը հաստատ պայթելու է, հնարավոր չի, որ սա չպայթի։ Իրավական համակարգը շատ մեծ վտանգի տակ է», – ընդգծեց Քոչարյանը՝ հավելելով, որ ներկայիս իշխանությունը հավերժական չէ և ամեն նոր եկած իշխանություն իր հերթին վերանայելու է քրեական գործը։

«Սրանով ամբողջ բանակն է մեղադրվում։ Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, էս ինչ ենք անում։ Այս կարգի բանակի պախարակումն ինչի՞ է բերելու։ Ղարաբաղի հարցը լուծվա՞ծ է, սահմաններում հանգի՞ստ է»,- հայտարարեց Քոչարյանը։

Հարցին, թե կա՞ն այլ զինվորականներ, որոնք այս գործով անցնում են որպես վկա կամ կասկածյալ, Քոչարյանը պատասխանեց. «Ես իրավունք չունեմ ասելու, բայց դուք այս երկու օրը լսելու եք այդ ազգանունները։ Ես եզրակացնում եմ, որ եթե բանակն է դա արել, ես էլ գերագույն գլխավոր հրամանատարն եմ ու դա իրականացրել եմ բանակի միջոցով, ուրեմն մեր ամբողջ բանակը հանցագործ է դառնում»։

Դիտարկմանը, որ մեղադրանքը պաշտպանողները վկայակոչում են 0038 գաղտնի հրամանը՝ համարելով, որ բանակը ներքաշվել է ներքաղաքական գործընթացներում, երկրորդ նախագահն ասաց. «Իրենք ասում են, որ այդ հրամանի միջոցով մտցվել է փաստացի ռազմական դրություն։ Կամ իրենք իրենք պատկերացում չունեն, թե ինչ է ռազմական դրությունը, կամ այն փաստերը չունեն, որ քիչ թե շատ խելքին մոտ բան լինի գրված։ Ես մի հարցազրույցում ասել եմ, որ փետրվարի 23-ին հանդիպում եմ ունեցել մեր զինվորական նախարարի հետ եւ այդ հանդիպումը կապված էր ԵԿՄ-ի հետ։

Հանդիպման իմաստը եղել է հետեւյալը, որ բանակն իրավունք չունի ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ։ Մեր մի քանի գեներալներ, այդ թվում Մանվել Գրիգորյանը լինելով բանակի գեներալ, 2-3 օր քննարկում էին, թե Երկրապահը պետք է միանա ցուցարարներին, թե ոչ։ Դա անթույլատրելի էր։ Ես ուղղակի պահանջել եմ պաշտպանության նախարարին՝ միջոցներ ձեռնարկել բանակը քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար։ Բանակի անմիջական կառավարումը բանակի ղեկավարությունն է իրականացնում»։

Քոչարյանը պնդեց, որ այդ գաղտնի հրամանը եղել է նախարարի հրամանը. «Երկու օր հետո ինքն ինձ ասաց, որ որոշել են սպայական կազմը զորանոցային վիճակի բերել մեկ նպատակով՝ հեռու պահել քաղաքական գործընթացներից։ Ընդդիմությունը բոլոր միջոցներով, ԵԿՄ-ի միջոցով փորձում էր բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։ Նա ինձ ասաց, որ որոշել են այդպես անել՝ բանակը հեռու պահելու համար»։ Նա հավելեց, որ այդ օրերին տագնապալից լուրեր էին ստանում շփման գծից։

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով