Մամուլ

Այսօր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է. Նա կդառնար 23 տարեկան

Այսօր կրտսեր սերժանտ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է։ Հերոսը կդառնար 23 տարեկան

Զոհվել է Քառօրյա պատերազմի ժամանակ՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով։

Ռոբերտ Աբաջյան

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։

Վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ վեց զինծառայողից բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ մղելով հակառակորդի հարձակումները ու խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին նահանջում է և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։

ռոբերտ աբաջյան

Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։

Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանովՊաշտոնական հայտարարություն։

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

Կիսվել նյութով