Մամուլ

Այսօր հեղափոխությունը կապում են ամենաթողության հետ. Մարությանը՝ փողոցային ապօրինի առևտրի մասին

Հունվարի 1-ից ավելի խիստ ենք լինելու։ Այսօր՝ դեկտեմբերի 21–ին, Երևանի ավագանու նիստից հետո ապօրինի փողոցային առեւտրի մասին հարցին այսպես արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Քաջ տեղյակ եմ՝ ինչ է կատարվում, ինքս շրջում եմ Երեւանում եւ տեսնում ամեն ինչ։ Այս խնդիրը երկկողմանի է, երկու կողմն էլ ինձ դիմում է։ Անցորդներն ասում են՝ վերացրեք փողոցային առեւտուրը, իսկ առեւտուր անողներն էլ ասում են, որ հացի խնդիր են լուծում, եթե վերացնեք, կզրկեք մեզ մեր եկամուտից։ Երբ նրանց ասում ենք, որ ապօրինի են իրենք դա անում, մեզ խնդրում են թույլ տալ մինչեւ Ամանոր շարունակել առեւտուրը՝ ասելով, որ արդեն գնել են եւ պետք է վաճառեն։ Հունվարի մեկից շատ ավելի խիստ է լինելու»,– ասաց Հայկ Մարությանը։

Երևանի քաղաքապետը շեշտեց, որ քաղաքապետարանն ու ոստիկանությունն ամեն ինչ անում է՝ մինիմումի հասցնելու համար փողոցային ապօրինի առեւտուրը. «Պարզապես մարդիկ այսօր օրինականությունը խառնում են ամենաթողության հետ, հեղափոխությունը կապում են ամենաթողության հետ։ Մենք նաեւ բացատրական աշխատանքներ ենք տանում»։

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով