Այգու մեջ 7 ոստիկան սպասել են ամուսնուս, քաշքշոց է եղել. նոր մանրամասներ Վեդու դեպքերից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ զանգել են տեգորս, փորձել են երեխաներին կանչել հարցազրույցի՝ առանց իրավաբանների ներկայության, և այնտեղ եղել է նաև ամուսինս ու նա փորձել է հետ պահել այդ ամեն ինչը, իմանալով, որ առանց փաստաբանների ներկայության մենք չպետք է ոչ մի հարցազրույցի մասնակցենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վեդիում սեռական բռնության ենթարկված երկու անչափահաս աղջիկների (15 և 17 տարեկան) հորեղբոր կինը՝ ներկայացնելով երեկ տեղի ունեցած միջադեպի մանևրամասները։
«Պարզ երևում էր, որ այս ամենը կազմակերպված էր իրավապահ մարմինների կողմից, Վեդիի ոստիկանների կողմից, որպեսզի հրահրեն ամուսնուս՝ երեխաների հորեղբորը, կանչեն ոստիկանություն, ինչ-որ անախորժություն լինի ու ամուսնուս փակեն։ Մինչդեռ մանկապիղծներին չեն փակել։ Ամուսնուս ձեռքերը ոլորեցին տարան, իսկ մանկապիղծներին նույն այդ ձևով չեն տարել, նրանք ազատ քայլելով գնում էին»,–ասաց նա։
Կինը նշեց, որ դեպքը եղել է երեկ ժամը 12–ի սահմաններում. «Ես լսեցի, թե ոնց է ոստիկանը նրան հայհոյում։ Ամուսինս ասաց. «Էդ ո՞ւմ ես դու քրֆում, տեղդ ասա, գալիս եմ, արա»։
Ոստիկանը երևի իր տեղը ասում է ու ավտոն այսպես արագի մեջ քշում գնում է։ Ես հասկացա, որ արդեն այս ամեն ինչը կազմակերպված էր, նրան հրահրում էին և իրենց ուզածին հասան։
Այգու մեջ 7 ոստիկան սպասել են իմ ամուսնուն և այնտեղ արդեն քաշքշուկ է սկսվել։ Իմ ամուսինն է հարվածել ոստիկանին, որովհետև իրեն հայհոյել էր և պիտի պատասխան տար։ Հետո մնացածով հասել են ամուսնուս վրա։ Ամբողջ Վեդին տեսել է այդ ամենը»,– ասաց կինը։
Նա հայտարարեց, որ իրենք պահանջում են, որ Վեդիի ոստիկանության բաժնի ամբողջ անձնակազմին ազատեն աշխատանքից. «Պետք է այդ թափթփուկներին, բոլորին գործից հեռացնեն, որովհետև նրանք իրենց գործը նորմալ չգիտեն, նրանք հանցագործներին են բաց թողնում, նույնիսկ խոսելու ձև չգիտեն, տակտ չունեն։ Իմ տալի հանդեպ նույնիսկ «արա»–ով, «աղջի»–ով էին խոսում, շատ անպարկեշտ վարք ունեն։ Ես նրանց չեմ հարգում, ամբողջ Վեդին չի հարգում, այստեղ ոստիկան չկա, նրանք իրենց պահում են տղամարդուն ոչ հարիր։ Այստեղ ոստիկանություն չկա, թող նրանք ինձ էլ լսեն, որ հասկանան, որ ամբողջ Վեդին նրանց ոստիկան չի համարում, նրանք տղամարդ չեն»,–ասաց նա։
Նշենք, որ երեկ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։
Հիշեցնենք, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։ Նա նաև հայտնել էր, որ աղջիկների հորեղբայրը տեսնելով, որ իրավապահներն անգործություն են ցուցաբերում, դանակահարել էր մանկապղծության մեջ մեղադրվողներից մեկին։ Վերջինս ձերբակալվել է։ Էլբակյանի խոսքով, աղջիկներից ավագը ենթարկվել բուժզննության և հաստատվել է այն, ինչ հայտնել է աղջիկը քննիչներին։
Այսօր արդենՎեդի համայնքում բնակիչները դուրս են եկել փողոց և իրենց վրդովմունք են հայտնում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի կապակցությամբ։



