Ժամանց

«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել». անկեղծ զրույց Լուսինե Բադալյանի հետ

«Ամուսնուս խնդրել եմ ինձ համար հագուստ չգնել»։ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանն իր ոճն ինքնուրույն է կերտում։ Դիմահարդարման, վարսահարդարման և մատնահարդարման համար դիմում է միայն իրեն։ Համարում է, որ եթե հագուստը սազում է մարդուն, ապա դրա բրենդն ու գինը բացարձակ նշանակություն չունեն։

Հայտնի հաղորդավարուհին, ում հանրությունը սովոր էր տեսնել հեռուստաէկրաններից ավելի քան մեկ տարի է ինչ Ազգային ժողովի պատգամավոր է։ Sputnik Արմենիան զրուցել է պատգամավորի հետ պարզել է, թե այս ընթացքում ինչ փոփոխությունների է ենթարկվել Լուսինեի ոճը, ինչպես է նա հագուստ ընտրում, ինչպես է կազմվածքը պահպանում։

–ԱԺ պատգամավոր դառնալուց հետո ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել Ձեր զգեստապահարանը։

-Գուցե շատ քաղաքական գործիչներ ստիպված են եղել ամբողջովին փոխել իրենց զգեստապահարանը, բայց ես վերջին մեկ տարում զգեստապահարանումս առանձնապես փոփոխություններ չեմ արել։

Հաղորդավարուհի, այնուհետև պատմության ուսուցչուհի, հետո ավագանու անդամ, իսկ այժմ պատգամավոր. իմ զգեստապահարանում տեղ են գտել բազմազան հագուստներ, որոնք կարող եմ կրել ինչպես ԱԺ–ում, լուրջ քաղաքական հանդիպումներին, այնպես էլ առօրյայում։

Լուսինե Բադալյան

–Ի՞նչ կարող է հագուստը պատմել իր տիրոջ մասին։

– Հագուստն արտացոլում է մարդու ներաշխարհը։ Գույների ընտրությունը, հագուստի ոճը մատնում է, թե ով է այդ անձը, ինչ երաժշտություն է սիրում, ինչ ընկերական շրջապատ ու աշխարհընկալում ունի։ Ի հայտ են գալիս բնավորության մի շարք գծեր։

–Համագործակցո՞ւմ եք հագուստի դիզայներների հետ։

–Հագուստի դիզայներների հետ աշխատելու մի քանի փորձ ունեցել եմ,երբ որպես հաղորդավարուհի մի քանի կարևոր միջոցառումներ պետք է վարեի։

Այժմ դիզայներների հետ չեմ համագործակցում։ Ունեմ իմ ոճը և շատ լավ գիտեմ, թե որտեղ ինչ պետք է հագնել։ Հագուստս ինքնուրույն եմ ընտրում, երբեմն լավ է ստացվում, երբեմն ոչ այնքան, և դրա պատճառը ամենևին էլ երևակայության պակասը չէ, այլ ֆինանսական հնարավորությունը։ Երբեմն չես կարող քեզ թույլ տալ գնել այն ամենը, ինչ սիրտդ է ուզում։ Ոճ կերտելը ևս պահանջում է մեծ ռեսուրսներ։

–Ի՞նչ հաճախականությամբ եք պատրաստի հագուստ գնում:

-Ոչ շատ հաճախ, քանի որ տարիներ շարունակ կազմվածքս չի փոփոխվում (ժպտում է), իսկ հագուստներս շատանում են։ Ի դեպ, մեծ դժվարությամբ եմ հագուստ գնում։ Եթե անգամ ինչ-որ բան հավանում եմ, օրեր են պահանջվում, մինչև հասկանում եմ, որ կարող եմ ինձ դա թույլ տալ։ Ես պետք է հագուստը հավանեմ, այն պետք է «կանչի» ինձ։ Առհասարակ հայ կանայք իրենց վրա միշտ խնայում են։

Լուսինե Բադալյան

– Հագուստի ապրանքանիշն ու գինը ձեզ համար նշանակություն ունի՞:

-Բացարձակ նշանակություն չունի և երբեք չի ունեցել։ Անկախ նրանից, թե ինչ եմ հագնում, միշտ էլ ուշադրության կենտրոնում եմ։Եթե բրենդը կամ հագուստի գինը մարդուն պետք է տա ինքնավստահությունը, դա ևս խոսում է մարդու ներաշխարհի մասին։ Եթե քեզ սազում է հագուստը, բրեդը և գինը կապ չունեն, դու միևնույն է կարժանանաս բազմաթիվ հաճոյախոսությունների։

–Ո՞ր գույներն են գերակշռում ձեր զգեստապահարանում։

–Հագուստի գույների ընտրությունը կախված է իմ տրամադրությունից, բայց իմ զգեստապահարանում միշտ կա Կոկո Շանելի ասած «փոքրիկ սև զգեստը»։ Սիրում եմ նաև կարմիր գույնի հագուստ։ Ասում են՝ այն ինձ շատ է սազում։ Սիրում եմ նաև սպիտակ գույնը։ Կան գույներ, որոնց նախկինում չէի խիզախում մոտենալ, օրինակ` դեղինը, կանաչը: Առհասարակ չկան գույներ, որոնք ես չեմ սիրում կամ այդ գույնի հագուստ չեմ հագնի, ուղղակի պետք է այն ինձ սազի։

– Պատրա՞ստ եք կտրուկ ոճային փոփոխությունների դիմել, օրինակ՝ փոխել մազերի գույնը կամ կտրվածքը։

–Մազերիս հետ կտրուկ փոփոխություն արել եմ, երբ հողագույնը ներկեցի սև։ Դպրոցական տարիքում երազում էի ազատվել այդ «անգույն» մազերից։ Հիշում եմ՝ 90–ականներին իմ սանրվածքը կարճ էր, իսկ մազերիս գույնը՝ բաց։ Այն ժամանակ ես ոգեշնչվեցի Մադոննայի «Frozen» երգից և կտրուկ փոխեցի մազերիս բաց գույնը սևով։ Հասկացա, որ բնությունն իմ դեպքում փոքր-ինչ սխալվել է։ Իհարկե, երբեմն փոշմանում եմ, որ փոխել եմ մազերիս գույնը, անգամ փորձեցի մեկ–երկու անգամ վերադառնալ մազերիս բնական գույնին, սակայն հետո հասկացա, որ դա երկար ժամանակ է պահանջում։

Իսկ հագուստի առումով կտրուկ ոճային փոփոխություն եմ համարում ջինսերից անցումը դասական ոճին, քանի որ կար ժամանակ, որ իմ զգեստապահարանում միայն ջինսից հագուստ էր։ Իմ ոճային փոփոխության գլխավոր մեղավորը եղել է ամուսինս, որին մինչ օրս խնդրում եմ ինձ հագուստ չգնել, որովհետև այդպիսի հագուստ կարելի է գտնել բարձր նորաձևության ցուցադրություններին, իսկ ես ավելի հասարակ եմ սիրում։ Իհարկե այս առումով ամուսինս շատ համառ է, նա դեռ պայքարում է, որ ես օրերից մի օր սկսեմ այդ ոճով հանդես գալ։

lusine badalyan2

–Աքսեսուարների հարցում նախասիրություններ ունե՞ք։

Սիրում եմ նուրբ աքսեսուարներ։ Առանց շրթներկի և ականջօղերի ինձ չեմ պատկերացնում։ Միշտ նախանձում եմ այն կանանց, որոնք առանց շրթներկի իրենց լավ են զգում։

Ժամանակին շատ էի սիրում կրել բերետ գլխարկներ։ Մտերիմներս, երբ վերադառնում էին տարբեր երկրներից ինձ ուրախացնելու համար այդ գլխարկներից էին բերում։ Վերջերս զգեստապահարանս դասավորելիս նկատեցի գույնզգույն գլխարկներս, բայց քանի որ ԱԺ-ում գլխարկ չեմ կրի, ափսոսանքով թողեցի դարակում։

–Օրվա մեջ որքա՞ն ժամանակ եք հատկացնում Ձեր արտաքինին։

-10-15 րոպե, ոչ ավելի։ Չնայած, որ իմ դիմահարդարումը, վարսահարդարումը և մատնահարդարումը ինքս եմ անում։ Ես միշտ կարծել եմ, որ հասուն կինն իր վրա շատ ժամանակ պետք է ծախսի, որ ոտքից գլուխ խնամված լինի, բայց ինչպես ընկերուհիներս են նշում, բնությունն իմ հանդեպ շռայլ է գտնվել, որից ես երես եմ առնում։

Գիտակցում եմ, որ կա մի տարիք, երբ խնամքն ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի ունեցածդ գոնե պահպանես։ Իրենց շատ խնամող կանայք գուցե զայրանան, բայց ես մինչ օրս դիմահարդարումս լվացվելով եմ դեմքիցս մաքրում։ Այժմ գոնե սովորել եմ դրանից հետո դեմքիս կրեմ քսել։

–Ինչպե՞ս եք պահպանում Ձեր կազմվածքը։

–Կար ժամանակ, որ սոցցանցերով ինձ անընդհատ հարցնում էին իմ մարզիչի անունը (ծիծաղում է) ։ Ամուսնուս պատմեցի, ասաց` դե իմ կամ տղաներիցդ մեկի անունը գրի, այնքան ենք քեզ վազեցնում, ինչ վատ մարզիչ ենք։ Այս տարիներին ոչինչ չեմ արել կազմվածքս պահպանելու համար, քանի որ բնույթով շատ ալարկոտ եմ։ Դիետաների չեմ հետևել, որովհետև ես շատ սիրում եմ ուտել, հատկապես յուղոտ ուտեստներ, սիրում եմ քաղցրեղեն, մի խոսքով այն ամենն ինչ գիրացնում է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով