Մամուլ

Ամուսինս նոր է մահացել, այսօր Զատիկն է, չենք կարողացել մի բան անել

Ամուսինս նոր է մահացել, այսօր Զատիկն է, չենք կարողացել մի բան անել

News.am-ը գրում է․ Սրտից վիրահատված 63 տարեկան կին եմ, ստենդավորել են, ունեմ նաեւ շաքարային դիաբետ մինչեւ 20-22 բարձրանում է, վատանում եմ, թոշակս էլ 32 հազար դրամ է, հազիվ կոմունալներին ու դեղերիս կեսին է հերիքում, շատ եմ խնդրում, օգնեք այս վիճակը ընտանիքս հաղթահարի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առինջ գյուղի բնակիչ Ալվարդ Գեւորգյանը։

«Ամուսինս վերջերս է մահացել, այսօր Զատիկն է, չենք էլ կարողացել մի բան անել։ Ապրում եմ տղայիս, հարսիս եւ 1 ամսական թոռնիկիս հետ։ Տղաս տաքսի է քշել, ես էլ թոշակ եմ ստացել, քիչ-միչ ապրել ենք, մի օր սա պակաս, մի օր նա, բայց ապրել ենք։

Հիմա գործ չկա, երեխան էլ 1 ամսական, չենք կարողանում ապրել։ Ժամանակին ես էլ եմ աշխատել, կանաչի էի ծախում, բայց սրտիս վիրահատությունից հետո, չեմ կարողանում, հազիվ եմ շնչում։ Տղաս շատ վատ է զգում, որ չի կարողանում ընտանիքը պահել, բայց դե գործ չկա ներկա պահին, մարդիկ վախենում են անգամ տաքսի նստել»,-ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ ոչ մի օգնություն չեն ստացել, երբեւէ, իրենք աշխատել, ապրել են. «Ոչ նպաստ, ոչ մի այլ օգնություն չենք ստացել միայն իմ թաշակն ու տղայիս աշխատածը։ Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ դեղերիս մասին էլ չեմ մտածում, միայն 25-30 հազար դրամի դեղեր պետք է խմեմ ամեն ամիս, բայց հիմա սնունդ չենք կարողանում գնել, ի՞նչ դեղ։

Խանութից ենք պարտքով հաց բերել, դա էլ մի՛ կրակ է, ո՞նց ենք փակելու։ Գոնե, որ առողջ լինեի, կարանտինից հետո կաշխատեի, տղայիս կօգնեի, դուրս կգայինք այս վիճակից, բայց պետք է 2-րդ վիրահատությունն արվի, սրտիս սնուցող անոթներից մեկն էլ է 50 տոկոսով փակ, 2 ամիս առաջ պետք է անեին, բայց ասացին տեղ չկա, թող մնա մի քանի ամսից։ Էլի լավ է՝ դա անվճար է արվում, ապրեն իրենք, ոչ մի կոպեկ չեմ տվել։

Շատ եմ խնդրում եմ, ինչ որ կա, ինչով որ կցանկանան թող մարդիկ օգնեն, միայն այս վիճակից դուրս գանք, անչափ շնորհակալ կլինեմ։ Առանց այն էլ բժիշկներն ամեն բան չէ, որ ինձ թույլ են տալիս ուտել, հիմա էլ ավելի է դժվարացել վիճակս։ Ուղղակի խնդրում եմ, օգնեք»։

Եթե կան մարդիկ, ավքեր ցանկանում են օգնել այս ընտանիքին, զանգահարեք նշված հեռախոսահամարով՝ 093247412 Ալվարդ Գեւորգյան։

Կիսվել էջում