Մամուլ

ԱՄՆ պետքարտուղարը զգուշացնում է Փաշինյանին ու Ալիևին

ԱՄՆ պետքարտուղարը զգուշացնում է Փաշինյանին ու Ալիևին

Lragir.am-ը գրում է․ Այսօր Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման կապակցությամբ Փաշինյանին ու Ալիևին է զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը։ Պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրությունները Փաշինյանի ու Ալիեւի հետ զրույցների վերաբերյալ գրեթե նույնական են, ուշադրության է արժանի հետեւյալ պարբերությունը, որը կրկնվում է երկու հաղորդագրություններում․

«Պետքարտուղարը դատապարտել է Կրեմլի սարսափելի ռազմական հանցագործությունները Ուկրաինայում և ընդգծել ԱՄՆ-ի և նրա գործընկերների շարունակական հանձնառությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի Դաշնությանը և նրան աջակցողներին Ուկրաինայի դեմ չհրահրված և չարդարացված պատերազմի համար»։

Պետքարտուղարը նաեւ ընդգծել է, որ այժմ տարածաշրջանում հետագա էսկալացիայի ժամանակը չէ (Փաշինյանի հետ զրույցի տեքստում), եւ կոչ է արել զսպվածության, լարվածության թուլացման և վերադարձի դիվանագիտական ճանապարհով խնդիրների կարգավորմանը (Ալիեւի հետ զրույցի տեքստում):

Ավելի վաղ ԱՄՆ-ն անհանգստություն էր հայտնել Արցախում «ադրբեջանական զորքերի տեղաշարժով»։

aliev pashinyan

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունների շեշտադրումով պետքարտուղարը փաստացի առաջարկում է Երեւանին ու Բաքվին հեռու մնալ Ռուսաստանի «կարգավորումից»։

Հայաստանն արդեն ենթարկվել է Ռուսաստանի ու թուրքերի համատեղ ռազմական հանցագործությանը՝ Արցախում ռազմական արշավով եւ «հետպատերազմյա կարգավորման» տեսքով։ Միեւնույն ժամանակ, պետքարտուղարը զգուշացնում է Երեւանին ու Բաքվին ՌԴ-ին աջակցելու հարցում, Հարավային Կովկասի խնդիրները դիտարկելով ավելի լայն ընդգրկմամբ։

ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը տեւելու է տարիներ եւ չի սահմանափակվելու այդ երկրի սահմաններով։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ Պուտինը չի հաղթելու։ Սրանք պարզապես հայտարարություններ չեն, այլ ռազմավարություն նոր աշխարհակարգի կերտման գործընթացում։

Կիսվել նյութով