Աշխարհ

ԱՄՆ-ն չի չեղարկել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ-ն չի չեղարկել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը: Մի քանի օր է, ինչ մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական տարբեր հարթակներում ակտիվորեն շահարկվում է ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության չեղարկման լուրը։

Նախ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի՝ ֆինանսական օգնության չեղարկման մասին խոսք գնալ չի կարող՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանում 2018թ. սկսված ժողովրդավարացման գործընթացներին Միացյալ Նահանգների դրական վերաբերմունքն ու տարբեր մակարդակներում դրա արտահայտումը։

Հետևաբար, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է «Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության» (USAID)՝ «Չտարածում, հակաահաբեկչություն, ականազերծում ծրագրին»։

Մի շարք փորձագիտական եզրակացություններում նշվում էր, թե ադրբեջանական իշխանությունների կողմից ԱՄՆ-ում իրականացող լոբբինգը՝ Արցախին տրամադրվող անմիջական օգնությունը չեղարկելու ուղղությամբ, հաջողել է, և ֆինանասավորման՝ 2020-ին հաստատված ծրագիրը կչեղարկվի 2 ամսից։

ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող արտաքին աջակցության կապակցությամբ ահնրաժեշտ է փաստել, որ  դրա ծավալը չի մեծացել, բայց և այնպես, դա մեր երկում տեղի ունեցող ներքին գործընթացներով  կամ մեր  վարած արտաքին քաղաքականությամբ պայմանավորված հանգամանք չէ։

Միջազգային օգնության ծավալների կրճատման միտումն արդեն իսկ նկատվում էր Բ. Օբամայի նախագահության վերջին տարիներին և ավելի ցայտուն դարձավ Դ. Թրամփի նախագահության օրոք: 

2018թ. համար Հայաստանին արտաքին աջակցությունը կազմել է մոտ 21 մլն. դոլար։

Ըստ ամերիկյան կողմի՝ 2019թ.-ին ԱՄՆ արտաքին աջակցությունը կկազմի 26 մլն.։

Իսկ 2020թ. ֆինանսական տարվա համար ՀՀ-ին հատկացումների մասով ԱՄՆ պետքարտուղարությունն առաջարկել է 6.75 մլն դոլար: 

Կարևոր է իմանալ, որ 2018 և 2019 թվականների համար ներկայացված թվերը չեն արտահայտում ամբողջական պատկերը, քանզի չեն արտահայտում պայմանագրերով սահմանված պարտավորությունները և ծրագրերի իրականացման համար սահմանված գումարները դեռևս ընթացքի մեջ են և կարող են ամփոփվել միայն ծրագրերի ավարտից հետո:

Ամփոփելով՝ նշենք, որ, գոյություն ունեցող ընթացակարգերը հաշվի առնելով, չենք կարող խոսել տրամադրվող դրամական միջոցների շատ կամ քիչ լինելուց, որովհետև ԱՄՆ կոնգրեսը ընթացիկ տարվա աշնանը նոր պետք է հաստատի ՀՀ-ին 2020 թ. տրամադրվելիք աջակցության վերջնական գումարի չափը:

Ամենայն հավանականությամբ՝ հատկացված վերջնական գումարը զգալիորեն կտարբերվի վարչակազմի առաջարկած նախնական գումարից, այդ պատճառով էլ՝ հարկ է տարբերակել վարչակազմի առաջարկած նախնական և Կոնգրեսի տրամադրած վերջնական գումարները:

Հատկապես, որ կոնգրեսական Ջեքիի Սփիրի առաջարկած ուղղումով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով հավելյալ աջակցություն։ Հիշեցնենք նաև, որ նախագծին կողմ է քվեարկել գրեթե 2/3-ը՝ 268 ներկայացուցիչ:

Կիսվել նյութով