Մամուլ

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որ ճանաչեց անկախ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ): Ժողովը, որ մեկնարկել էր սեպտեմբերի 29-ին, քվեարկությամբ ընդունել է ԱՀ-ն ճանաչելու մասին բանաձևը և կոչ արել ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի Հանրապետության հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը. տեղեկանում ենք Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կայքից (ANC-MI):

«Արցախի անկախության համար Միչիգանի Սենատի այս քվեարկությունը նշանն է ամերիկյան ժողովրդավարական արժեքների, ինքնորոշմանը մեր կայուն հավատարմության և մեծ հարված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այս խաղաղ հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի»,- ասել է Միչիգանի Հայ ազգային կոմիտեի նախագահ Լարա Ներսեսյանը՝ նշելով, որ հայերը տարբեր նահանգներում մեծապես շնորհակալ են սենատոր Քնեզեկին և այն նահանգային սենատորներին, որ սատարել են Արցախի ժողովրդին՝ բերելով այս օրինագիծը:

«Արցախի պատմությունը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատության, ինքնորոշման, ժողովրդավարության և խաղաղության պատմություն»,- ասել է սենատոր Դեյվիդ Քնեզեկը:

«Միչիգանցիները հպարտ են, որ միանում են Արցախին՝ ողջունելու այս ընդհանուր արժեքները, քանի որ մենք աշխատում ենք ընդլայնել ԱՄՆ-Արցախ մշակութային և տնտեսական կապերը և աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը»:

Կիսվել նյութով