Մամուլ

Ամենամեծ տուգանքը սահմանվել է Սուքիասյաններին պատկանող ընկերության նկատմամբ․ «Հրապարակ»

Ամենամեծ տուգանքը սահմանվել է Սուքիասյաններին պատկանող ընկերության նկատմամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել «աղբյուրի ջուր» եւ «բնական խմելու ջուր» մակնշումով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում եւ արձանագրել է մի շարք խախտումներ։ Արդյունքում՝ 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակությանը մոլորեցնելու վերաբերյալ վարույթներ։

Վարույթների շրջանակում պարզվել է, որ 9 տնտեսվարող սուբյեկտներ արտադրել եւ իրացրել են «աղբյուրի ջուր» եւ (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր՝ այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» եւ «բնական խմելու ջուր», այսինքն՝ չունեն աղբյուրի ծագում եւ (կամ) արտադրության որեւէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։

Այլ կերպ ասած՝ տնտեսվարողները, խաբելով իրենց հաճախորդներին, նրանց վաճառել են ծորակի ջուր, ոչ թե բնական աղբյուրի ջուր։

Հանձնաժողովն էլ այդ 12 տնտեսվարող սուբյեկտից 6-ի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել է։

Խաչատուր Սուքիասյան

Որպեսզի հերթով 12 տնտեսվարողի նկատմամբ հարուցված վարույթին էլ առանձին-առանձին չանդրադառնանք, հատկապես, որ դրանցից 3-ի նկատմամբ հարուցված վարույթը կարճվել է, իսկ վեցին նախազգուշացում են արել, որ խախտումներն ուղղի, մենք ընտրեցինք այն երեք տնտեսվարող սուբյեկտներին, որոնց նկատմամբ կիրառվել է տուգանք։ Ենթադրվում է, որ դրանք ամենամեծ խախտումն իրականացրած ընկերություններն են։

Դրանցից մեկը «Սիլ-Մաազա» ընկերությունն է՝ իր «ՍԻԼ» ապրանքանիշով։ Այն, հիշեցնենք, պատկանում է Նիկոլ Փաշինյանի մտերիմ օլիգարխ, նրա ձեւավորած «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Ամենուր ազնիվ ու արդար աշխատանքից, հարկերի վճարումից խոսող Սուքիասյանի ընկերությունը, փաստորեն, ըստ ՄՊՀ-ի արձանագրած ուսումնասիրության արդյունքների, հասարակությանը մոլորեցրել է՝ բնական աղբյուրի ջրի փոխարեն մարդկանց ծորակի ջուր վաճառելով։

Վարույթի նյութերին ծանոթանալով, պարզեցինք, որ նախ հանձնաժողովը շրջակա միջավայրի նախարարությունից պարզել է, որ «Սիլ-Մաազա» ընկերությունը չունի բնական եւ աղբյուրի ջրօգտագործման թույլտվություն, մինչդեռ ընկերության արտադրած «Սիլ» անվանումով «բնական աղբյուրի խմելու ջրի» պիտակի վրա նշված է եղել․

«Շշալցված է Գառնի աղբյուրից»։ Ուսումնասիրության արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել է՝ «Սիլ-Մաազա» ընկերության կողմից «բնական աղբյուրի խմելու ջուր» եւ «խմելու աղբյուրի ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջուր իրացնելը որակել որպես հասարակությանը մոլորենելու դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն, այսինքն՝ օրենքի խախտում, եւ «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է տուգանք 4 մլն 76 հազար 711 դրամի չափով։

Ուշագրավ է, որ տուգանված երեք ընկերություններից ամենախոշոր չափի տուգանքը սահմանվել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության նկատմամբ, այսինքն՝ այս ընկերության թույլ տված խախտումն ամենամեծն ու ծանրն է գնահատվել։

Մյուս երկու ընկերություններին հանձնաժողովը դարձյալ հասարակությանը մոլորեցնելու դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության համար տուգանել է կես միլիոն դրամից պակաս չափով։ Մասնավորապես, «Ակվայան» ընկերությանը ՄՊՀ-ն տուգանել է 279 հազար 562, իսկ «Բնական ջուր» Նարինե ՍՊԸ-ին՝ 302 հազար 632 դրամով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել էջում