Մամուլ

Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել

Ահազանգ. կրկին հազվագյուտ սպիտակագլուխ անգղ են որսացել

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ:

Այս անգամ հավանաբար կրկին ապօրինի որսի զոհ է դարձել հազվագյուտ սպիտակագլուխ անգղը, որը սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, ինչպես նաև ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1:

Լուսանկարում Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սմբատ Հայրումյանն է, ով լուսանկարն ազատ համացանցային տարածք է բեռնել 2019թ.-ի փետրվարի 4-ին:

«Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը ուշադրություն հրավիրեց մեքենայի դիմապակու կոտրված լինելու հանգամանքի վրա: «Դա կարող է լինել ուժեղ հարվածից, օրինակ՝ վերևից ընկնող 6 կգ քաշով թռչնի, ինչը կարող էր տեղի ունենալ կրակոցի հետևանքով կամ միգուցե էլեկտրալարերի մեջ փաթաթվելու պատճառով, եթե իհարկե լարեր կան այդ տարածքում: Տարբերակ է նաև, որ թռչունը փորձել է թռչել ճանապարհի եզրից, որտեղ միգուցե սնվում էր, իսկ վարորդը նրան հարվածել է մեքենայով»,- մանրամասնեց նա:

սպիտակագլուխ անգղ

Հայաստանում սպիտակագլուխ անգղերը հանդիպում են համարյա ամբողջ տարածքով, բացի հանրապետության հյուսիս-արևմուտքից: Ըստ Կարմիր գրքի տվյալների՝ սպիտակագլուխ անգղի թվաքանակի վրա կարող են ազդել թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թունավորումը թակարդներում դրված կերով, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը:

անգղ են որսացել

Ուշագրավ են նաև լուսանկարում երևացող մեքենայի պետհամարանիշերը: Ուսումնասիրելով Սմբատ Հայրումյանի բաց համացանցային տվյալները պարզ է դառնում, որ գոյություն ունի նման պետհամարանիշերով մեքենաների մի ամբողջ «կլան»:

անգղ են որսացել
անգղ են որսացել

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով