Մամուլ

Ախուրյանցի 14-ամյա տղան Փաշինյանի հետ շրջել է նույն մեքենայով ու դիմել անձնական խնդրանքով (տեսանյութ)

14-ամյա ախուրյանցի տղան Գյումրիում որոշ ժամանակ շրջում էր վարչապետի պաշտոնակատարի մեքենայով ու զրուցում նրա հետ։

Ամենափրկիչ  եկեղեցու մոտ պսակ դնելուց հետո, երբ ՀՀ  վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձում էր նստել մեքենան և մեկնել Գյումրիում ընթացող փողոցաշինական աշխատանքներին ծանոթանալու, նրան մոտեցան մի խումբ  գյումրեցիներ, նրանց թվում` նաև մի պատանի, ով կանչեց. «Պարոն Փաշինյան, ձեզ կարելի՞ է»:  Նիկոլ Փաշինյանը նկատեց տղային, խնդրեց իր օգնականներին մոտ բերել նրան, ապա լսելով նրան,  առաջարկեց նստել իր մեքենան:

Բավական երկար ժամանակ տղան վարչապետի պաշտոնակատարի հետ նույն մեքենայով շրջում էր քաղաքով:

Ախուրյանում բնակվող տղան՝ Հրանտ  Չալոյանը, պատմել է, որ ապրում է իրենից փոքր քրոջ ու ծնողների հետ:  Ընտանիքում աշխատում է միայն մայրը, հայրը չի աշխատում։ Իսկ թե ինչ խնդրով էր ցանկանում հանդիպել Փաշինյանին ՝ չցանկացավ բացահայտել․ «Կներեք, բայց չեմ կարող ասել, անձնական է: Վարչապետը խոստացավ իմ խնդրին լուծում տալ»,- նշեց նա:

Կիսվել նյութով