Մամուլ

Ալավերդիում տղամարդը դանակահարել է քավորին․ մանրամասներ

Oragir.News-ը գրում է․ Ալավերդիում երեկ կնոջ և երեխաների աչքի առաջ տղամարդուն դանակահարելու դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը դանակահարել է իր հարսանիքի քավորին՝ Լևոն Թ․-ին, որը կնոջն ու երեխաներին դպրոց ճանապարհելիս է եղել։

«Լևոն Թ․-ն կնոջ ու երեխաների հետ առավոտյան աշխատանքի շտապելիս է եղել, կինը դպրոցում է աշխատում։ Ճայնապարհին իրենց սանիկը հարձակվել է քավորի վրա ու դանակի մի քանի հարված հասցրել։ Իմացանք, որ տղամարդն այս պահին Ալավերդի ԲԿ-ում է, բարեբախտաբար կենսական օրգաններ չեն վնասվել, վիրահատել են, վիճակը լավ է, պարզապես շատ արյուն է կորցրել»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ քավորին դանակի մի քանի հարվածներ հասցնելուց հետո տղամարդը նաև ինքն իրեն է հարված հասցրել դանակով, որպեսզի կատարվածը ինքնապաշտպանություն որակի․

«Դանակով հարվածել է նաև իր մեջքին, որպեսզի ոստիկանների մոտ կատարվածը այլ կերպ ներկայացնի․․․

Քաղաքում տարբեր խոսակցություններ կան, մի մասն ասում է՝ ինքնակամ ներկայացել է բաժին, մյուս մասն ասում է՝ բերման են ենթարկել։ Համենայն դեպս մինչև նրան ձերբակալելը ոստիկանները ուժեղացված ծառայություն էին անում քաղաքում, հատկապես դպրոցների մուտքերի մոտ»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում