Մամուլ

Ադրբեջանցի լրտեսը ՀՀ քաղաքացուց զորամասերին վերաբերվող տվյալներ է կորզել․ ԱԱԾ-ն բացահայտել է

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից կատարված լրտեսության դեպք: Ադրբեջանցի լրտեսը ՀՀ քաղաքացուց խաբեությամբ զորամասերին վերաբերվող տվյալներ է կորզել։

Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով Թուրքիայի Հանրապետության տարածքում գործող, ինքնությունը դեռևս չպարզված անձը համացանցային և նշված երկրում տեղի ունեցած անձնական շփումների ընթացքում ՀՀ քաղաքացուն ներկայանայացել է, որպես Թուրքիայում ծպտյալ հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից։

Համոզել է աշխատանքային առաջընթացի համար նրան տրամադրել ՀՀ տարբեր զորամասերի, զինվորական տեխնիկայի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ դրանց լուսանկարները, լուսանկարահանման համար տրամադրել է համապատասխան տեխնիկա, ինչից հետո ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ՀՀ նշված քաղաքացու միջոցով, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, 2011-2018թթ. ընթացքում հավաքել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ մշակված և ՀՀ քաղաքացու միջոցով տրամադրված տեղեկությունները, որոնք հանձնել է Ադրբեջանի Հանրապետությանը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, միջոցներ են ձեռնարկվում նմանատիպ դեպքերը ՀՀ ԱԱԾ օպերատիվ տեսադաշտում մշտապես պահելու և նմանատիպ հանցագործությունների հետագա ընթացքը կանխորոշելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Կիսվել նյութով