Մամուլ

Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը

Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը

Ադրբեջանն անջատել է Արցախի ամբողջ տարածքի գազամատակարարումը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ Հայաստան–Արցախ գազատարն անցնում է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքով։

«Դրան զուգահեռ Արցախի ժողովուրդն արդեն 32 ժամ գտնվում է ամբողջական շրջափակման մեջ։ Եթե դա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»,– գրել է Ստեփանյանը։

Գազամատակարարման դադարեցման վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Արցախի տեղեկատվական շտաբը։

«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ։ Իրավիճակի մասին պարբերաբար տեղեկություն կտրամադրվի հանրությանը»,– նշել է տեղեկատվական շտաբը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Կիսվել էջում