Մամուլ

Ադրբեջանի ստացած ամերիկյան ուղղաթիռները հնարավոր է Չեխիայից են

Ադրբեջանի զինուժում վերջերս նկատված ամերիկյան ուղղաթիռները հնարավոր է Ադրբեջանին է փոխանցել նույն այն չեխ-սլովակյան ընկերությունը, որն Ադրբեջանին զարտուղի ճանապարհով վաճառել էր «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգեր և RM-70 ՀԿՌՀ–ներ։

Հոկտեմբերի 19-ին Չեխիա այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է չեխ-սլովակյան Czechoslovak Group ընկերության ներկայացուցիչների հետ:

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ Հասանովին են ներկայացրել ընկերության աշխատանքի, ինչպես նաև  արտադրանքի մասին տեղեկություններ։ Դիտարկվել են ընկերության հետ հետագա համագործակցության հեռանկարները:

Ինչով է հետաքրքիր այս պատմությունը

Նախորդ տարի Ադրբեջանում նկատվեցին «Դանա» ինքնագնաց հրետանային համալիրները և RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Նշված տեխնիկան արտադրում է հենց Czechoslovak Group ընկերությունը, որը դուստր ձեռնարկություններ ունի Չեխիայում և Սլովակիայում:

Ադրբեջանում երևալուց հետո չեխական իշխանությունները հայտարարեցին, որ տեղյակ չեն, թե ինչպես է զենքը հասել Ադրբեջան: Նույնը 2017 թ. հոկտեմբերի 4-ին Երևանում վերահաստատեց նաև Չեխիայի Սենատի նախագահը:

Հետագայում չեխ լրագրողների հետաքննությունից, ինչպես նաև իրար փոխլրացնող տարբեր բաց աղբյուրներից պարզ դարձավ զենքի մատակարարումների սխեման: Ըստ դրա՝ Չեխիայից Սլովակիայի Տրենչին քաղաքում գտնվող գործարան են տեղափոխվում հին հաուբիցներ, որոնք վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան:

Առավել մանրամասը՝ razm.info

Կիսվել նյութով