Մամուլ

Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանին և բացատրել եռակողմ հայտարարության տողատակերը

Ադրբեջանը պատասխանել է Փաշինյանին և բացատրել եռակողմ հայտարարության տողատակերը

168.am-ը գրում է․ Օգոստոսի 4-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Լաչինի գործող միջանցքի ճակատագրին ու այլընտրանքային ճանապարհին, մասնավորապես, ասել է․

«Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, և ահա թե ինչու:

Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է (մեջբերում եմ). «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար» (մեջբերման ավարտ):

Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել: Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան: Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է: 

Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել: Չնայած՝ պիտի ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը սկսել է Կոռնիձոր-Տեղ-Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

Բայց, կրկնում եմ, խոսքը այստեղ, այսինքն՝ եռակողմ հայտարարության մեջ, միայն ճանապարհի կառուցման մասին չէ: Պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»,- հայտարարել է Ն. Փաշինյանը:

pashinyan erdogan aliev

Ադրբեջանի ղեկավարությունը սեփական լրատվամիջոցներից minval.az-ի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ հղում կատարելով եռակողմ համաձայնագրին, ընդ որում, հոդվածագիրը որոշ դեպքերում բառախաղի է դիմել:

«Առաջին. եռակողմ հայտարարության տեքստում թեպետև կա նման ձևակերպում՝ «կողմերի համաձայնությամբ», բայց միաժամանակ չի կոնկրետացվում՝ ով պետք է որոշի նոր երթուղու շինարարության պլանը: Ակնհայտ է՝ կողմերի համաձայնությանն է ենթակա միայն սահմանի այն կետը, որը պետք է իրար միացնի երկու հատվածները:

Երկրորդ. 6-րդ կետում գրված չի, որ նոր ճանապարհը պետք է շահագործման հանձնվի երեք տարի հետո, և ոչ մի օր շուտ: «Երեք տարի հետո» և «երեք տարվա ընթացքում» հասկացությունների միջև իմաստային տարբերություն կա:

Երրորդ. եռակողմ հայտարարության 6-րդ կետի առաջին մասում խոսվում է 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի մասին, բայց հաջորդ պարբերության մեջ, որտեղ խոսքը նոր երթուղուն է վերաբերում, ոչ մի բառ չկա դրա լայնության մասին:

Չորրորդ. 6-րդ կետի վերջին հատվածում բառացի ասվում է. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: Ի՞նչ քաղաքացիներ: Մի՞թե Ադրբեջանն իր վրա պարտավորություն է վերցնում ՀՀ քաղաքացիներին իր տարածք մուտքի հարցում:

Ոչ, այդպես չէ՞: Այստեղ Բաքուն ազատ մեկնաբանության հնարավորություն ունի, և ադրբեջանական կողմը հանգիստ կարող է անվտանգ տեղաշարժի արտոնություն այս ճանապարհով սահմանել բացառապես Ադրբեջանի քաղաքացիների համար, այդ թվում՝ Ղարաբաղի տնտեսական գոտում ապրող»,- գրում է ադրբեջանական լրատվական կայքը և շարունակում, թե Հայաստանը կարող է չհամաձայնել և հակադրվել՝ հղում կատարելով եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որտեղ ևս խոսվում է «քաղաքացիների» մասին:

«Այստեղ նշվում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժի մասին, որտեղ բացի Ադրբեջանի քաղաքացիներից՝ ոչ մեկը չի ապրում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Share